Home / Հայաստան / Դաստիարակը պնդում է, որ «սկոտչով» երեխայի բերանը չի փակել. նա «Տարզանի ձայներ է արձակում»

Դաստիարակը պնդում է, որ «սկոտչով» երեխայի բերանը չի փակել. նա «Տարզանի ձայներ է արձակում»

Երևանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը: Այս մասին երեկ հայտնել են «Հայկական ժամնանակ» օրաթերթին:

Թերթը Երևանի քաղաքապետարան հարցում է արել, որին ի պատասխան քաղաքապետարանը հերքել է այդ տեղեկությունները: Թերթի թղթակիցը նաև զրուցել է մանկապարտեզի տնօրենի և դաստիարակի հետ: Տնօրեն Նելլի Մարտիրոսյանի խոսքով՝ դաստիարակը միայն սպառնացել է «սկոչել» երեխայի բերանը, սակայն սպառնալիքը չի իրականացրել, այնուամենայնիվ, դրա համար նկատողություն է ստացել:

Դաստիարակ Միրամա Սարուխանովնան նույնպես պնդել է, որ ինքը խոսքից գործի չի անցել:

«Ոչ մի գործողություն չի եղել: Ոչ էլ ծնողն է բողոքել: Ես չգիտեմ՝ ով է զանգում, ով է թշնամություն անում: Ես դրա համար խիստ նկատողություն եմ ստացել, ինձ պատժել են: Այդ երեխան՝ Ռաֆայելը, մեկ-մեկ ղժժում է, գիտեք ինպես, տարօրինակ, Տարզանի ձայներ է արձակում: Այդպիսին է ինքը բնավորությամբ: Ես չգիտեմ՝ այդ բառերը ոնց բերանիցս թռան: Ասացի՝ Ռաֆայել, որ այդպես գոռաս, հեսա, տես, «սկոտչը» այստեղ է»:

Թերթը նաև զրուցել է Ռաֆայելի մոր հետ: Հայտարարելով, որ թաղապետարանում բողոքը ստացվել է իր անունից՝ այն դեպքում, երբ ինքը դրա հեղինակը չէ, նա թերթի թղթակցի առջև պայման է դրել՝ կամ ասել իրեն, ով է թերթին հայտնել նշված խնդրի մասին, կամ զրույցը չի կայանա: Իրականացել է երկրորդ տարբերակը: