ԵԽԽՎ պատվիրակությունը, որը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ժամանել է Հայաստան՝ ընտրական օրենսդրությունը և քարոզարշավը դիտարկելու նպատակով, ողջունում է Հայաստանի իշխանությունների մտադրությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Այս մասին ասված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում երեկ հրապարակված հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, պատվիրակության անդամները մտահոգություն են հայտնում ընտրացուցակներում առկա էական անճշտությունների կապակցությամբ՝ նշելով, որ ճշգրիտ ցուցակները նախապայման են պատշաճ կերպով ընտրություններ անցկացնելու համար:
Բացի դա, առայժմ լուծված չէ արտասահմանում բնակվող հայերի՝ ընտրելու իրավունքի հարցը: Պատվիրակությունը հիասթափությամբ փաստում է, որ այս հարցերի հետ կապված՝ նախկինում արված առաջարկություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել:
Հաջորդ մտահոգությունը կապված է նրա հետ, որ, թեև ընտրություններին մնացել է մեկ ամիս, հասարակության մեջ բացակայում է ընտրական գործընթացի հանդեպ հետաքրքրությունն ու վստահությունը:
«Սա մտահոգության լուրջ հիմքեր է տալիս, հատկապես հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական ուժերը, որոնցից ակնկալվում էր մասնակցություն ընտրություններին, հրաժարվեցին թեկնածուներ առաջադրել», – ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ այս որոշման հետևանքով քաղաքացիների ընտրության շրջանակը նեղացել է՝ հանգեցնելով անտարբերության և անվստահության մթնոլորտի գոյացման: Պատվիրակությունն ընգծում է, որ քաղաքացիների վստահությունը պետք է վերականգնվի, քանի որ ընտրությունները կարևոր գործոն են ժողովրդավարության զարգացման գործում:
Պատվիրակությունը հույս է հայտնում, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն և կբացառեն այն երևույթները, որոնք քննադատվել են ԵԽԽՎ-ի կողմից 2012թ. մայիսին կայացած խորհրդսարանական ընտրություններից հետո, մասնավորապես՝ ընտրողների ահաբեկումը, վարչական ռեսուրսների լայնածավալ օգտագործումը: Պատվիրակությունը նաև հույս ունի, որ բոլոր թեկնածուների համար կապահովվեն հավասար պայմաններ՝ շնորհիվ լրատվամիջոցներում հավասարակշռված լուսաբանման: