Հայաստանի ուղին, նրա հարաբերությունները Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ անընդունելի են Վրաստանի համար և հակասում են երկրի պետական շահերին: Այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» (Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը – խմբ.) գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին՝ մեկնաբանելով ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն խոսքերը, որ Հայաստանը հիանալի օրինակ է, քանի որ կարողանում է լավ հարաբերություններ ունենալ միաժամանակ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ:
«Վրաստանի ժողովուրդը և Վրաստանն արդեն կատարել են իրենց ընտրությունը 2008 թվականի հանրաքվեին՝ հայտնելով իրենց կարծիքը Վրաստանի ապագայի և առաջնահերթությունների վերաբերյալ: ՆԱՏՕ և եվրոպական կառույցներ մտնելը վրաց պետության շահերից է բխում: Դա Վրաստանի փրկության, անկախության և անվտանգության ապահովման միակ տարբերակն է: Չնայած Հայաստանը մեզ բարեկամ պետություն է, և ես հարգում եմ այդ երկրի ներքին կուրսը և ընտրությունը, հայկական ճանապարհը, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ անընդունելի են մեզ համար և հակասում են Վրաստանի պետական շահերին», Մերաբիշվիլիի խոսքերն է փոխանցում Грузия online-ը: