ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբերը լինելու են շարժական՝ միկրոավտոբուսների տեսքով: Քարոզարշավի ընթացքում դրանք շրջելու են ինչպես Երևանի համայնքներում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Մի քանի նման միկրոավտոբուսներ այսօր կանգնած են եղել Երևանի կենտրոնում՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից էլ մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը:
Վերջինիս հետ հանդիպմանը մասնակցող քաղաքացիները, որոնք հիմնականում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն էին, կրում էին «Րաֆֆի նախագահ» կարգախոսով նարնջագույն շարֆեր:
Իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ամեն ինչ շատ լավ է, որովհետև «միասին գտնվում ենք պայքարի հերթական և արտահերթ հանգրվանում»:
«Առանց այսօրվա վաղը չի գալու, և մենք միասին կանգնած ենք մեծ պայքարի նախաշեմին: ՀՀ իշխանությունը մեր և մեր համաքաղաքացիների պայքարով վերադարձնելու ենք Հայաստանի ժողովրդին: Այստեղ կարելի է ծափ տալ, հա», – ասել է Րաֆֆի Հովհաննսիյանը, որից հետո ներկաները սկսել են ծափահարել:
Այնուհետև նա նշել է, որ հավաքատեղիում ամեն ինչ բնական է, անմիջական ու առանց գրված ճառերի:
«Այս պայքարը դա հայ ժողովրդի պայքարն է այսօրվա և վաղվա միջև, ստվերի և լույսի, զոհողության և իրավունքի, նախագահի բարձր հովանու և սահմադրական մեր օրենքի միջև: Երբեք Սերժի և Րաֆֆիի, կամ որևէ այլ հարգելի մրցակցի միջև, այլ պայքար է գնալու Հայաստանի ժողովրդի և իշխանության միջև, և 21 տարվա ընթացքում առաջին անգամ մեր պայքարով մենք ունենալու ենք դե յուրե նոր Հայաստանի հանրապետության նախագահություն», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արամ Խաչատրյանի արձանի մոտ ներկաներին բաժանվել են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական բուկլետները, որի ներսի հատվածում պատկերված է Սերժ Սարգսյանը և նրա նկարի վերևում գրված է ՝ «Սերժի Հայաստանը», իսկ կողքի էջին պատկերված է Րաֆֆի Հովհաննիսյանը, որի նկարի վերևում գրված է՝ «Մեր Հայաստանը» և կողքին պատկերված վանդակը նշված է կարմիրով: