Այսօր ժամը 11:00-ի սահմաններում «Հակահարված» արտ-խմբի երիտասարդները փորձել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի շենք մոտ գետնին սոսնձել ոստիկանի նկար, ով ասում է «Fuck the regime»:
Նկարը տեղադրել երիտասարդներին չի հաջողվել, քանի որ նրանց մոտեցել են ոստիկանները: Ավելի ուշ երիտասարդները նկարը փակցրել են իրենց մեքենայի վրա, բայց ոստիկաններից մեկը պատռել է այն ու փախել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Հակահարված» արտ-խմբի անդամ Հերբերտ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ոստիկաններն իրենց ասել են, թե ոստիկանի համազգեստով նկարը չի կարելի մեքենայի վրա փակցնել:
«Ոստիկանին մենք ներկայացրել ենք որպես դրական կերպար, և ուզում էինք կոչ անել ոստիկաններին, որ օրենքով առաջնորդվեն, ոչ թե ռեժիմի հրամանով: Բայց երբ մենք սկսեցինք սոսինձ քսել, միանգամից մեծ թվով ոստիկաններ հայտնվեցին, ու սկսեցին ասել՝ «էս ի՞նչ եք կպցում, ցույց տվեք՝ ինչ է»: Մենք հասկացանք, որ դա չենք կարող կպցնել, որովհետև իրենք շատ էին»,- ասել է Գևորգյանը:
Նա նաև ասել է, որ իրենք խնդրել են ոստիկաններին ներկայանալ, սակայն նրանցից ոչ ոք դա չի արել:
Լուսանկարը տրամադրել է Հերբերտ Գևորգյանը