Հունվարի 20-ին մահացել է «Առավոտ»-ի առաջատար թղթակից Նաիրա Մամիկոնյանը:
Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել մի շարք կուսակցություններ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև Նաիրա Մամիկոնյանի գործընկերները:
«Լրագրողական հանրությունը կորցրեց պրոֆեսիոնալ, ազնիվ ու իր գործի նվիրյալ անհատի: Նա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի էր, համարձակ ու սկզբունքային անձնավորություն: Նաիրան մեր կենսախինդ և կատակասեր ընկերն էր` այնքան կյանք ու եռանդ կար նրա մեջ, այնքան սուր ու դիպուկ էին նրա մտքերը: Մեծ ցավ ենք ապրում այս կորստի համար», – ասված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցավակցական նամակի մեջ:
«Նաիրան ետխորհրդային շրջանի այն լրագրողներից էր, ով մասնագիտական ունակությունները ձեռք բերեց հայաստանյան իրականությունը սեփական կյանքով տեսնելու, վերապրելու, պատկերելու ոչ դյուրին աշխատանքում՝ դառնալով Հայաստանի նորագույն լրագրության կարևոր մասնակիցներից մեկը», – ցավակցական նամակում նշել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը:
Epress.am-ը ցավակցում է Նաիրա Մամիկոնյանի հարազատմերին և «Առավոտ»-ի խմբագրությանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 21-ին Նորքի 4-րդ զանգված, Հովհաննիսյան 12, բնակարան 36 հասցեում:
Հուղարկավորությունը՝ հունվարի 22-ին, ժամը 14:00-ին նույն հասցեից:
Լուսանկարը՝ Aravot.am-ի