Home / Հայաստան / Նախագահի թեկնածուն ասել է՝ որ դեպքում կդադարեցնի հացադուլը

Նախագահի թեկնածուն ասել է՝ որ դեպքում կդադարեցնի հացադուլը

Այսօր առավոտից Բաղրամյան փողոցում՝ ՀՀ գիտությունների ակադեմիայի շենքի հարևանությամբ անժամկետ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին կեսօրին զորակցելու է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և հորդորել՝ չպայքարել մինչև վերջ ու դադարեցնել հացադուլը: Այս մասին Еpress.am­­­­-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղուկասյանը:

«Շատ մարդկային խոսքերով դիմեց, ողջունեց և միաժամանակ հորդորեց պայքարի այլ տարբերակ ընտրել՝ պայքարել խնայելով: Ես ստիպված եղա ասել՝ «սա այն աշխատանքն է, որ ես վերցրել եմ իմ ուսերին ու պետք է հասցնեմ մինչև վերջ, որովհետև հանրությունը հոգնել է կիսատ պայքարներից»», – ասել է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այլ քաղաքական գործիչներ իրեն չեն այցելել:

Еpress.am-ի հարցին՝ «որ պարագայում կդադարեցնի հացադուլը», Ղուկասյանը պատասխանել է.

«Եթե գերտերությունները հետ կանչեն իրենց առաքելությունները Հայաստանից, սա կնաշանակի, որ իրենք ընդունում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, բնականաբար նման իրադրության մեջ հացադուլը կդառնա անիմաստ, որովհետև ոչ ժողովրդավար պետությունից իմաստ չունի պահանջել ազատ ընտրություններ, ուստի այդ դեպքում կդադարեցվի հացադուլն ու պայքարը կվերածվի նոր ձևի»:

Նա նաև կիսվել է օրվա զգացողություններով ու շեշտել, որ առավոտից իր ամենալուրջ հակառակորդները լրագրողներն են ու ցուրտը:

«Մի քիչ հոգնածություն կա, սակայն չեմ հանձնվում», – պատասխանել է նախագահի թեկնածուն:

Մեր զրուցակիցը շեշտել է, որ առայժմ շտապ օգնության կարիք չի զգում՝ չնայած իրեն առաջարկել են, ոստիկաններն էլ հայտնել են, որ շուրջօրյա հսկողություն են իրականացնելու:

Նշենք, որ զրույցի ընթացքում հացադուլ հայտարարած թեկնածուին էին մոտենում անցորդները ու տարատեսակ հարցեր ուղղում, շատերն էլ  հանդես էին գալիս խորհուրդներով՝ մասնավորապես, նրանցից մեկը՝ մոտ 65 տարեկան մի տղամարդ պնդում էր, որ «Վերջ շինծու ընտրություններին» գրությամբ պաստառը սխալ է ու պետք է այն փոխարինել հետևյալով՝ «ընտրությունները կեղծված են»:

Անցորդներից մեկ ուրիշն էլ՝ մոտ 55 տարեկան տղամարդ բարձրաձայն արտաբերել է՝ «սրանք սաղն էլ մեյմուն են, Սերժի մարդն են, չկա մեկը, որ Սերժի մարդը չլինի: Չհավատաս, որ կասեն, թե լուրջ պայքարողներ են»: