Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ռուսական S7 ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ականատեսի խոսքերին:
Վերջինս պատմել է, որ երբ օդանավը պատրաստվում էր վայրէջքի, վերջին շարքերում նստած ուղևորներից մեկն արձակել է ամրագոտին, կանգնել ու հարվածել է մեկ այլ ուղևորի դեմքին: Ուղեկցորդուհիները քաշքշուկի մասնակիցներին կոչ են արել հանդարտվել, սակայն ոչ ինքնաթիռի անձնակազմի, ոչ մյուս ուղևորների հորդորներին կռվողները որևէ կերպ չեն արձագանքել: Փոխարենը՝ ծեծկռտուք հրահրողը վեճի էր բռնվում իրեն նկատողություն անողների հետ:
Օդանավի անձնակազմը նրան ստիպված տեղափոխել է «բիզնես-կլաս» ու մինչև վայրէջքն ուժով պահել այնտեղ: Վայրէջքից անմիջապես հետո հենց ինքնաթիռում ուղևորը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: Ուղևորի ազգությունը չի հաղորդվում: