ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին պատրաստվում է հանել իր թեկնածությունը: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մինչև թեկնածությունը հանելը նա փետրվարի 7-ին մեկօրյա հացադուլ կանցկացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:
Նա նշել է, որ պայքարը ստեղծված իրավիճակում անիմաստ է, քանի որ թեկնածուներից ոչ ոք ընտրվելու շանսեր չունի, իսկ նրանք, ովքեր կմրցեն գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կլեգիտիմացնեն նրան:
Նա կոչ է արել մյուս թեկնածուներին Սերժ Սարգսյանին միայնակ թողնել: Հարությունյանի խոսքով՝ այժմ հենց դա է իր նպատակը, իսկ առաջադրման որոշումն ինքը կայացրել էր ցույց տալու համար, որ իրեն ոչ ոք չի կարող ստիպել չառաջադրվել:
Նշենք, որ անցյալ շաբաթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Սերժ Սարգսյանը և նրա փեսան՝ Միքայել Մինասյանը, մի քանի թեկնածուների ստիպել են չառաջադրվել:
«Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան, եթե ձեզ հաջողվեց ստիպել որոշ մարդկանց չառաջադրվել, ապա ինձ ստիպել չեք կարող: Ես գնալու եմ մինչև վերջ: Այս ռեժիմը ամեն ինչ արել է, որ Հայաստանում վերանա ամեն ինչ: Մենք տեսնում ենք, որ որևէ մեկը հույս չունի, քաղաքացիներից որևէ մեկը իր ապագան չի կապում այս երկրի հետ», – ասել էր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ նախագահի ևս մեկ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: