Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում «իսլամական պարեկային խմբեր» են հայտնվել, որոնք արդեն առաջացրել են հանրության զայրույթը և ոտքի են հանել ոստիկանությունը:
«Իսլամական պարեկային խմբերում» ընդգրկված երիտասարդները սև հագուստ են կրում, փակում են դեմքը, հետապնդում են անցորդներին՝ կոպիտ տոնով հորդորելով նրանց «ավելի համեստ հագնվել, ալկոհոլ չօգտագործել, աստվածապաշտ լինել» և ընդհանրապես «լքել մահմեդական տարածքը»: Այսպես են նրանք անվանում Լոնդոնի արևելքում գտնվող այն թաղամասերը, որտեղ հիմնականում բնակվում են մահմեդականները:
Իրենց «աշխատանքը» երիտասարդները նկարահանում են հեռախոսներով և տեղադրում YouTube-ում: Հենց այդ տեսանյութերի շնորհիվ այդ խմբերի «սխրագործությունների» մասին իմացել են հազարավոր մարդիկ, և գործը հասել է Սքոթլանդ-Յարդին (Լոնդոնի ոստիկանություն):
The Guardian-ը հայտնում երկու կասկածյալների ձերբակալության մասին: Նրանցից մեկը 22 տարեկան է, նրան ձերբակալել են «պարեկային գործունեության» պահին, իսկ երկրորդը, որքան էլ զարմանալի է, ինքն է ներկայացել ոստիկանություն:
Սկսած հունվարի կեսերից համացանցում երեք տեսանյութ է հայտնվել: Համաձայն այդ տեսանյութերից մեկի՝ մահմեդական երիտասարդները վառում են H&M ցանցի պաստառները, որոնք գովազդում են կրծքկալներ: Կադրից դուրս մեկնաբանություն է հնչում, համաձայն որի «մահմեդականներն իրենց վրա են վերցրել բարության կառավարումը և չարիքի օտարումը», այդ իսկ պատճառով «իրենք պետք է ծածկեն այդ մերկ մարդկանց»:
Մեկ այլ տեսանյութում լուսաբանվում է «պարեկային խմբերի» գործունեությունը: Մասնավորապես, նրանք մոտենում են մի մարդու և պահանջում, որ նա դեն նետի գարեջուրը: Վերջինս, վախենալով, անհապաղ կատարում է խնդրանքը:
Երիտասարդները հայտարարում են, որ «սա մահմեդական թաղամաս է», որտեղ ալկոհոլը «արգելված սատանա է»:
Փողոցում քայլող սպիտակամորթ կանանց «պարեկներն» անվանում են «մեր կենդանիներ, ովքեր հարգանք չունեն սեփական անձի նկատմամբ»: Կանանցից մեկը փորձում է հիշեցնել, որ իրենք Մեծ Բրիտանիայում են, սակայն մահմեդականներից մեկը պատասխանում է. «Մենք չենք հարգում նրանց, ովքեր չեն լսում Աստծուն»:
Մեկ այլ տեսանյութում մահմեդականները հարձակվում են նույնասեռական երիտասարդի վրա:
Ոստիկանության վարկածի համաձայն, պարեկների աշխատանքը կազմակերպում է «Իսլամը Բրիտանիայի համար» ծայրահեղական կազմակերպությունը, որը օրենքից դուրս է հայտարարված: Բրիտանիայում այդ կազմակերպությանն անդամակցելու համար 10 տարվա ազատազրկման են դատապարտում:
Լոնդոնի մահմեդական համայնքի ներկայացուցիչներն արդեն դատապարտել են «պարեկային խմբերի» գործունեությունը՝ իմամներն այդ մասին ասել են մզկիթներում:
Համայնքի ներկայացուցիչները խնդրում են մամուլին չծայրահեղացնել թեման, քանի որ խաղաղ մահմեդականները չպետք է տուժեն մի քանի կարգազանց երիտասարդի համար:
Սակայն Բրիտանիայում կարծիք է ձևավորվել, որ իրենց երկիրը չափազանց շատ է «սեթևեթում մահմեդական համայնքի հետ»: Նրանք նշում են, որ հաճախ իրավիճակը աբսուրդի է վերածվում. մինչ ոստիկանները պաշտպանում են մզկիթները հարձակումներից, ներսում խոսում են «անհավատների անընդունելիության» մասին:
Թերթերը նշում են, որ 20 տարի հետո մահմեդականների թիվը Բրիտանիայում 2 միլիոնից կհասնի 5,5 միլիոնը, ինչը Քուվեյթի բնակչության թվից շատ է: Ամբողջ Եվրոպայում մահմեդականների թիվը կավելանա մոտ երկու անգամ: