Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում եղել են բացթողումներ, որոնցից ամենացավալին ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի` կարգավորման օրակարգից դուրսմղումն էր: Հենց այդ խնդիրը, մինչդեռ, կարող է դառնալ կարգավորման և երկարաժամկետ խաղաղության հաստատման բանալին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու,ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Պատմելով նախագահ ընտրվելու դեպքում իր ծրագրերի մասին՝ Մելիքյանն ասել է, որ անհրաժեշտ լծակներն ունենալու պարագայում այս խնդիրը վերադարձնելու է բանակցային օրակարգ, իսկ Մինսկի խմբի շրջանականերում ընթացող բանակցային գործընթացին զուգահեռ կնախաձեռնի Արցախի Հանրապետության Հայաստանի կողմից ճանաչման գործընթացը:
Մելիքյանը, ով առաջադրվել էր նաև 2008 թվականի նախագահական ընտրություններին, համարում է, որ 5 տարի առաջ ընտրությունները կեղծվել են, և հիշեցրել է, որ այն ժամանակ հայտարարություն էր արել այդ մասին:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է համարում արդար ընտրությունների անցկացումն այս տարի, Մելիքյանը պատասխանել է, որ իշխանության հետ երկխոսելու ճանապարհով այս անգամ ընտրակեղծարարությունը կասեցնելը հնարավոր կլինի, և «արժանահավատ ընտրություններ կունենանք»:
Հարցին՝ ընտրվելու դեպքում ինչպես է պատրաստվում բարեփոխել բանակը և լուծել դրա հիմնախնդիրները, Մելիքյանը պատասխանել է.
«Բանակում բարեփոխումներն անհնար են առանձին վերցված` դրանք պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգային բարեփոխման համատեքստում: Համակարգային կոռուպցիան կասեցնելու պարագայում շատ բան կփոխվի նաև բանակում՝ սա նախապայման է, որի կատարումը կազդարարի ընդհանուր առողջացման սկիզբը: Սակայն կարիք կլինի հետևողականորեն շարունակել ջանքերն այս ուղղությամբ նաև տարբեր ոլորտների մասնագետների ներգրավմամբ՝ իրավագետների, հոգեբանների և շատ ուրիշների: Ինչ վերաբերում է զինվորական ծառայությանը Արցախի տարածքում… եթե մենք նպատակահարմար ենք գտնում, որ հայ զինվորը մասնակցի միջազգային ռազմական խաղաղապահ առաքելությունների գործունեությանը Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում, ապա տասնապատիկ ավելի կարևոր է մեր զինվորի ներկայությունը Արցախի պաշտպանական դիրքերում՝ այն մեր հայրենիքի կարևորագույն հենասյուներից մեկն է»:
Թեկնածուն անդրադարձել է նաև կրոնական, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության խնդրին, որի բացակայության մասին Հայաստանում հաճախ խոսում են իրավապաշտպան կազմակերպությունները:
«Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդու անձնական կյանքը պետք է պաշտպանված լինի անհարկի արտաքին ներխուժումներից: Միաժամանակ սեփական կենսակերպի ագրեսիվ ու ցուցադրական պարտադրումն ուրիշներին անընդունելի է: Անձնական կյանքը պետք է չվերածվի կենսակերպի բռնի քարոզի, չպետք է անհարմարություն պատճառի ուրիշներին», – ասել է նախագահի թեկնածուն: