Home / Հայաստան / Զանգվածային բախումներ ադրբեջանական քաղաքում. վարկածները տարբեր են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զանգվածային բախումներ ադրբեջանական քաղաքում. վարկածները տարբեր են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսմաիլի ադրբեջանական քաղաքի բնակիչները զանգվածային անկարգություններ են կազմակերպել տեղի հյուրանոցի սեփականատիրոջ հետ կոնֆլիկտի պատճառով: Մարդիկ հավաքվել են շրջանի ղեկավարի տան մոտ և պահանջել են նրա հրաժարականը:

Բողոքողները նաև հրդեհել են Իսմաիլիում գտնվող «Չառիգ» հյուրանոցը և երեք ավտոմեքենաներ՝ մեկ Hummer և երկու Chevrolet, ինչպես նաև մեկ մոտոցիկլետ: Դրանք պատկանում էին տեղի գործարար Էմիլ Մահերամ օղլու Շահմարդանովին:

Մամուլում տարբեր վարկածներ են հնչել. կարծիքներ կային, որ հյուրանոցը վերածել էին անառականոցի, բացի դա, տեղի ունեցած միջադեպին մասնակցել են երկրի Աշխատանքի նախարարի որդին և նրա զարմիկը, ով շրջանի ղեկավարի որդին է:

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, իրավապահ մարմինների միջամտությունից հետո ակցիան ավարտվել է:

Շրջանի ոստիկանության պետ Նիզամի Հոջաևը լրագրողներին պատմել է, որ անկարգությունների համար պատճառ է հանդիսացել հյուրանոցի սեփականատիրոջ՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը և «ավտոխուլիգանությունը», որի հետևանքով նրա Hummer-ը բախվել է էլեկտրական սյանը:

Շահմարդանովի գռեհիկ պահվածքը զայրայցել է տեղի բնակիչներին: Նրանք փորձել են իրենց զայրույթն արտահայտել, իսկ հյուրանոցի սեփականատերը նրանց «պատասխան է տվել», պատմել է ոստիկանության պետը: Մարդիկ հրդեհել են հյուրանոցն ու Շահմարդանովի մեքենաները, որից հետո ուղևորվել են Իսմաիլիի շրջանի գործադիր մարմնի ղեկավարի որդու տուն և հրդեհել նրա Toyota Land Cruiser մեքենան ու երկու մոտոցիկլետ: Ոստիկանության պետի խոսքով՝ «փոքր հրդեհը» արագ մեկուսացվել է:

Ընդհանուր առմամբ, մոտ 3000 մարդկանց մասնակցությամբ ակցիան շարունակվել է 4 ժամ: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ ՆԳՆ-ի արագ արձագանքման գունդը: Իրավապահները բանակցություններ են սկսել ակցիայի մասնակիցների հետ, որոնք երկար ժամանակ դիմադրել են՝ քարեր նետելով ոստիկանների ուղղությամբ: Բախումների հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան և մեկ քաղաքացի:

Շահմարդանովն ու նրա հետ գտնվող Մամեդովը բերման են ենթարկվել:

Ադրբեջանական լրատվամիջոցները բախման մասին հակասական լուրեր են հաղորդում: 1news.az-ը հայտնել էր, որ ակցիայի պատճառն այն է, որ հյուրանոցի սեփականատերն ատեսում էր մարդկանց պահանջը՝ վերջ դնել հյուրանոցում գործող անառականոցին:

Եվս մեկ վարկածի համաձայն՝ պատճառը շրջանի գործադիր մարմնի ղեկավարի որդու և մի քանի երիտասարդների միջև բախումն է: Նշվում էր նաև, որ միջադեպին մասնակցել է նրա եղբոր՝ Աշխատանքի և սոցհարցերի նախարարի որդին: Ոստիկանության պետը, սակայն, այդ վարկածները հերքել է: