Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր նախագահական նստավայր էին եկել՝ «շնորհավորելու» գերագույն հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Еpress.am-ի թղթակցին մայրերը պատմել են, որ նախագահական նստավայր չէին հասնի, եթե այսօր, պայմանավորվածության համաձայն, իրենց ընդուներ զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Օրեր առաջ ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը զանգահարել է մայրերից մեկին ու հաղորդել, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է հանդիպել իրենց:
«Զանգել եմ զինդատախազության թեժ գիծ, ներկայացել եմ, ու ասել, որ նախագահականից մեզ ասել են, թե Կոստանյանը ընդունելու է ծնողներին, ես էլ ուզում եմ տեղեկանալ՝ ե՞րբ կարող ենք գալ, որովհետև ծնողներից մի քանիսը պետք է գան շրջաններից: Ինձ պատասխանեցին, որ հինգշաբթի զանգ տամ, նաև ավելացրին, որ ուրբաթ օրը ժամը 15:00-ին լինենք դատախազության մոտ: Երեկ զանգում եմ, ասում են՝ «ուրբաթ առավոտը զանգեք», այսօր առավոտյան ժամը 10:15-ից մինչև 11:30 անընդհատ զանգել եմ թեժ գծի նույն համարին, զանգերիս պատասխանող չկա»,- պատմել է 2007թ. Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Նախագահական նստավայրի դարպասների մոտ կանգնած բողոքող մայրերին թվով 3 տասնյակի հասնող ոստիկաններն ամեն կերպ հորդորել են հեռանալ դարպասներից ու ակցիան շարունակել նստավայրից հեռու, ինչին ի պատասխան կանայք պատասխանել են՝ «թող Սերժը դուրս գա, պատասխան տա, կհեռանանք»:
«Ինչքա՞ն կարելի է, երեխա ենք ուղարկել բանակ, ու՞մ համար՝ Սերժի՞: Հիմա էլ կրկնակի թեկնածություն ա դնում, քիչ ա լափել, հիմա էլի 5 տարի պիտի զինվորների գլուխը ուտի, քիչ կերավ էս 5 տարում մեր էրեխեքի արյունը», – բողոքել է 2010 թվականին զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:
Սևազգեստ մայրերը պնդել են, որ ոչ մի քայլ չեն հեռանա դարպասներից, մինչև անձամբ նախագահից չստանան իրենց հարցերի պատասխանները՝ մասնավորապես՝«ո՞նց կարելի է 18-19 տարեկան տղաներին սպանել ու անպատիժ մնալ», «դատաիրավական համակարգում ի՞նչ փոփոխություններ է պատրաստվում անել» կամ «հավատացինք, սակայն ի՞նչը փոխվեց»:
«Գոնե թող դուրս գա, շնորհավորենք բանակի կապակցությամբ՝ իր անցած տարիների, որ պաշտպանության նախարար է եղել, ոնց է եղել զինվորականների հետ զորքերում, ի վերջո պատերազմ անցած մարդ է, նախընտրական հոլովակներում շնորհակալություն է հայտնում զինվորների ծնողներին, ի՞նչ է՝ միայն շոու է ու վե՞րջ», – ասել է Սարգսյանը՝ հիշեցվելով, որ նախագահն ինքն է ասել, որ ամենից շատ ինքն է շահագրգռված սպանությունները բացահայտելու մեջ ու մինչև վերջ հետամուտ կլինի:
Սևազգեստ կանանց դարպասների մոտից հեռացնելու համար ոստիկանները խոստացել են ուղեկցել նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետի մոտ, ինչը մայրերը մերժել են:
«Ի՞նչ եք ուզում, կանգնած ենք, էսօր ինքը՝ նախագահը, չի գալիս մեզ մոտ, մենք ենք եկել: Թող հանձն առնի, որ դատախազության վրա չի կարա, մենք էլ էստեղ չենք գա», – ասել է Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը:
Ծնողներն իրենց դժգոհությունն են արտահայտել Սերժ Սարգսյանի՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի վերաբերյալ, ընդգծելով, որ զինվորներին վերացնելով ապահով Հայաստան չեն ստեղծում:
«Շաբաթը երկու զիվորի դիակ բերելով՝ ապահով երկիր չի լինի, զինվորներն են պահպանում մեր սահմանները, էլ ի՞նչ ապահով Հայաստանի մասին է խոսքը: Հայաստանը իրենք ջնջում են երկրի երեսից, որ հետո ոսկյա սկուտեղի վրա մատուցեն թուրքերին: Ի՞նչ ընտրություն, ի՞նչ քարոզարշավ, հիմա էլ պիտի գնանք իրեն ընտրե՞նք: Թող իմ երեխու սպանողին պատժի, ամբողջ ազգիս հետ գնամ իրեն ընտրեմ», – ասել 2010թ. զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:
Գոհար Սարգսյանի խոսքով՝ «ի՞նչքան կարելի է անպատիժ Հայստանում մնալ ապահով» ու ի՞նչպես կարելի է նման կարգախոս ընտրել՝ «բա ինքը ո՞նց կարող է նայել մեր աչքերին ու ասել՝ «Առաջ Հայաստան»»:
«Այսօր, երբ մենք ասուլիս էինք տալիս, մեր գերագույն հրամանատարը մեդալներ է բաժանել հրամկազմին, իր զինակից ընկերներին, մարդասպաններին, ովքեր մեր երեխեքին են սպանել, իհարկե, հիմա մեզ ընդունել չի ուզենա: Վերջապես նախագահ է, թող ասի՝ ինչո՞ւ է մարդասպանի ձեռքը բռնում, մարդասպա՞նն է այսօր իր ապահով Հայաստանը պահելու ու մեր երեխեքի հաշվի՞ն»,- հարցրել է Գոհար Սարգսյանը:
Նշենք, որ այսօր զինծառայողների ծնողները ասուլիս էին կազմակերպել, որտեղ հերթական անգամ բարձրաձայնել են, որ իրենց որդիներին բանակում սպանել են, իսկ պաշտոնական վարկածը կեղծիք է, և այդ կեղծիքները շարունակվել են նախաքննության ժամանակ, իսկ հետո՝ դատավարությունների: Ծնողները նաև նշել են, որ իրենց որդիներին սպանած և նրանց գործերը կեղծած մարդկանց պատժելու փոխարեն այսօր նրանց պարգևատրում են:
Նշենք նաև, որ մինչև զինծառայողների ծնողների ասուլիսը նույն մամուլի ակումբում ասուլիս էր տալիս ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ասուլիսից հետո մոտեցել է զոհերի հարազատներին, ողջագուրվել է և կարճատև զրույց ունեցել Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի հետ: