Արմեն Աշոտյանի՝ երեկ Facebook սոցիալական ցանցում արված գրառումը սուտ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Աշոտյանը երեկ իր էջում գրել էր, որ «Ժառանգության» առաջնորդը, ով իշխանություններից ակնկալում է օրինական ընտրություններ և հավասար հնարավորություններ, ինքն է կոպտորեն խախտում օրենքները՝ քարոզչություն իրականացնելով կրթական հաստատության տարածքում, մասնավորապես, Մանկավարժական համալսարանում:
Հովհաննիսյանն այսօր ասել է, որ ինքը մի քանի համալսարան է այցելել, բայց ոչ քարոզարշավ անցկացնելու նպատակով: Նախագահի թեկնածուն այդ համալսարանների գրադարաններին հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով Հայոց Ցեղասպանության մասին գիրք է նվիրել:
Բանախոսը նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իմանա՝ բոլոր պետական մարմիններից՝ քաղաքապետարաններից, բուհերից, ներկա պահին գնում է հակասահմանադրական արշավ:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քարոզարշավն անցկացվում է ուսանողների, պետական աշխատակիցների շրջանում:
«Երիտասարդ նախարարն էլ կեսգիշերյան գրառում է անում, իսկ հաջորդ օրը ցերեկը իշխող թեկնածուի օգտին շարֆեր է բաժանում», – ասել է «Ժառանագության» առաջնորդը: