ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանա 8 միլիոն դրամ ընտրագրավը վճարել: Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ նշելով, որ իր ընտանիքին են պատկանում «Ռադիո Հայ» և «Հայ FM» ռադիոկայանները:
Թերթի թղթակցի այն դիտարկմանը, որ ռադիոհեռուստատեսային ողջ դաշտը պետական հսկողության տակ է գտնվում և այդ ոլորտը տնօրինում է Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է, որ իր ռադիոն հիմնադրվել է 1994 թվականին, և այդ ժամանակ Միքայել Մինասյանը շատ հեռու էր քաղաքական գործունեությունից և մեդիա դաշտում որևէ գործից:
ՀՀ նախագահի թեկնածուն նաև հերքել է, որ Միքայել Մինասյանը հսկողություն է սահմանել իր ռադիոկայանների վրա՝ նշելով, որ ինքը Մինասյանին անգամ չի ճանաչում:
«Ժողովուրդ»-ի թղթակցի դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ճի՞շտ են այն խոսակցությունները, թե իր ընտրագրավը վճարել է Միքայել Մինասյանը, Ղուկասյանը պատասխանել է.
«Դուք իրականության հետ կապ չունեցող տեղեկություն եք ասում: Բնականաբար, այդ գումարը վճարել եմ ինքնուրույն, դա մեր ընտանիքի փողն է: Ես մոտ օրերս կհրապարակեմ «Ռադիո հայ»-ի բանկային հաշվեհամարային գործարքները, որտեղ երևում է, թե ոնց եմ հաշվիցս գումար հանում՝ գրավին համաչափ»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է անում Բաղրամյան փողոցում՝ ՀՀ գիտությունների ակադեմիայի շենքի մոտ: