Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր մտահգությունն է հայտնել ՀԱԿ ակտիվիստների գործի արդյունավետ քննության բացակայության կապակցությամբ: Այս մասին ասված է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին կազմակերպության կողմից հղած նամակում: Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանն անցյալ տարի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին 2-ից 6 տարվա ազատազրկման, նրանց բողոքը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ապա կրկին ներկայացվել է Վճռաբեկ դատարան:
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Վճռաբեկ դատարանի ղեկավարին գործի քննության ժամանակ ուշադրություն դարձնել երիտասարդների վերաբերյալ գործադրված բռնություններին, որոնք իրականացվել են ձերբակալությունից առաջ և ոստիկանական բաժնում 2011 թվականի օգոստոսի 9-ին:
Human Rights Watch-ը մատնանշում է ակտիվիստների գործի շուրջ առկա մի շարք խախտումներ վրա: Կազմակերպությունը, մասնավորապես, ընդգծում է, որ ակտիվիստներից ոչ մեկը ձերբակալության պահին չի տեղեկացվել ձերբակալության պատճառի և տեղափոխման վայրի մասին:
Իրավապաշտպանները մտահոգված են նաև գործը քննելու ընթացքում խախտումներով, որոնք բարձրաձայնել են ակտիվիստների փաստաբանները, և հույս են հայտնում, որ Վճռաբեկ դատարանը նշված գործի բազմակողմանի քննություն կանցկացնի, համաձայն մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների:
Նշենք, որ նամակը Արման Մկրտումյանին ուղարկվել է երեկ: Նույն օրը Վճռաբեկ դատարանը վճիռ է կայացրել 20-օրյա ժամկետ տրամադրել ակտիվիստների փաստաբաններին վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: