Հայաստանյան իշխանությունները հերթական անգամ իրենց գողոնը պառտակելու համար նախընտրական փափուկ բարձ են դրել Արամի 72-80 շենքի բնակարանատերերի գլխի տակ՝ ասելով, թե բնակարանների համար նրանց երկար տարիների պայքարը կարող է վերջապես հանգուցալուծվել: Այս մասին Еpress.am-ի թղթակցին երեկ ասել է Ֆինանսների նախարարության շենքում բողոքի ակցիա անցկացնող բնակարանատերերից Սոնա Մաղաքյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին նրանց ասել էին, որ խնդիրը լուծված է և իրենց նոր բնակարաններ կտրամադրեն, սակայն, բնակարանատերերը պնդում են, որ ոչ մի քայլ պաշտոնական փաստաթղթեր տրամադրելու ուղղությամբ մինչ օրս չի արվել:
Երեկ բողոքողները փորձել են հանդիպել ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանին, ումից ցանկանում էին գրավոր փաստաթուղթ պահանջել առ այն, որ բնակարան տալու մասին խոստումները հիմնավորված են:
«Մենք լոռեցու միամտությամբ կրկին խաբվեցինք: Կհավատայինք, եթե գոնե տղամարդ լինեին ու համարձակոթյուն ունենային որոշումը գրավոր փաստաթղթով տալ: Դեռևս դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում եմ գրել՝ խնդրելով պաշտոնական տեղեկատվություն տալ կառավարության կատարած քալերի մասին: Դեկտեմբերի 25-ը վերջին ժամկետն էր, նորից նամակ գրեցինք ու ոչ մի պատասխան», – ասել է Մաղաքյանը:
Նրա խոսքով՝ կառավարության խոսափողը կամ կառավարության «սև դեմքը» Հայկ Դավթյանն է, ով «անընդհատ ինչ-որ հեքիաթներ է պատմում»:
«Եթե որևէ բան լիներ, հաստատ գոնե մեզանից ազատվելու համար մի գրավոր որոշում կտային: Պարզ չէ՞, որ վախենում են, հերթական անգամ ցույց տվեցին իրենց անկարողությունն ու վախկոտությունը» , – ասել է մեր զրուցակիցը:
Մաղաքյանի հավաստմամբ՝ ընդամենը պետք էր թղթի վրա գրել՝ «ձեր հարցը լուծելու ուղղությամբ քայլեր են արվում»:
Նա նաև ավելացրել է, որ բնակարաններ ստանալու մասին սուտը մտածված է եղել զուտ այն պատճառով, որպեսզի իրենք մինչև նախագահական ընտրությունները չխանգարեն նախընտրական քարոզարշավին:
«Եթե ընտրությունից առաջ նախագահը չի կարողանում գոնե ճչացող հանցագործությունները մաքրել, ուրեմն հետոյի համար ասելիք ինքը ընդհանրապես չունի: Շա՞տ լավն են, բան չունենք ասելու, բայց մեզ նման նախագահ պետք չէ, չնայած ժողովուրդը արժանի է այն նախագահին, որն ունի, բայց համենայնդեպս, երբ դանակը հասնում է ոսկորին, այդ ոչխար վիճակից ժողովուրդը կարողանում է բարձրանալ ու լեզու հանել: Թող նախագահը չստիպի, որ ավելի կտրուկ միջոցների դիմենք, մենք դրան ընդունակ ենք», -եզրափակել է Մաղաքյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներին այդպես էլ չի հաջողվել հանդիպել Հայկ Դավթյանի հետ:
Հիշեցնենք, որ 2006 թվականին Արամի, ինչպես նաև Բուզանդ, Եկմալյան փողոցների բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել բնակիչների հետ՝ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք բազմակի անգամ վերավաճառվել են ընկերության կողմից:
Պապոյանը ձերբակալված է, ընթանում է քննություն: