«Բանակն իրականում» նախաձեռնության անդամներն այսօր 16:00-ին ակցիա են անցկացրել Երևանի Օպերայի և բալետի շենքի մոտ այն ժամանակ, երբ շենքի ներսում տեղի էր ունենում Հայկական բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ:
Ակցիայի նպատակն էր միջոցառման մասնակից բարձրաստիճան պետական այրերին բաժանել խորհրդանշական բացիկները, որոնց էլեկտրոնային տարբերակը նախաձեռնությունը տարածել էր այսօր:
Խմբի անդամներին, սակայն, թույլ չեն տվել մտնել Օպերայի շենք, ակցիան շարունակվել է դրսում: Նախաձեռնողները բացիկները բաժանել են անցորդներին:
Ակցիայի մասնակիցներ թատերագետ Արա Նեդոլյանը և հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը պահել էին «Հայրենիք, պաշտապանիր քո պաշտպանին», իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ «Գողական բարքերն ու հանցագործ հեղինակությունները բանակից հեռու» գրությամբ պաստառները:
Ակցիայի վայրում գտնվող ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հարցրել են, թե արդյոք իրենք բողոքի ակցիա անելու համար քաղաքապետարանի թույտվություն ունեն: Հովհաննիսյանը հիշեցրել է, որ մինչև 100 հոգու մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման համար թույլտվություն ստանալու կարիք չունեն:
Տոնական համերգի ժամանակ համերգային դահլիճից դուրս է եկել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, որին ակտիվիստները փորձել են բացիկ տալ:
Նա հրաժարվել է այն վերցրնել՝ ասելով. «Դուք չուղղորդվող գործակալներ եք: Փախեք ստեղից»:
Մազմանյանը հավելել է, որ ճանաչում է սպանված զինվորների ծնողների, ովքեր այս օրն իրենց համար տոն են համարում:
Ակցիայի մասնակիցներն այդ պահին տեսախցիկով նկարահանելիս են եղել Մազմանյանին, ինչը վերջինիս դուր չի եկել: Նա հարցրել է՝ արդյոք նկարահանում են տեսանյութը Facebook սոցցանց գցելու համար, բայց, պատասխան չստանալով, մտել է դահլիճ: