Ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն չէր դիմել Սերժ Սարգսյանին Մարտի 1-ից հետո Հայաստանում գոյություն ունեցող քաղբանտարկյալներին ազատման համար, մինչդեռ վերջերս նա միջնորդել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ ազատ արձակել ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանին, ում հայաստանյան և վրաստանյան մի շարք կազմակերպություններ քաղբանտարկյալ են ճանաչել: Այս հարցով «Հայկական ժամանակ» թերթը դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին: Թերթը հիշեցնում է, որ ներկայումս Հայաստանում նույնպես քաղբանտարկյալ կա՝ Տիգրան Առաքելյանը:
Տեր Վահրամը պատասխանել է, որ 2008 թվականի դեպքերի պարագայում էլ կաթողիկոսը դիմել էր ՀՀ նախագահին:
Թերթը խնդրել է մանրամասնել, թե կոնկրետ որ քաղբանտարկյալների համար է միջնորդել Գարեգին Բ-ն:
«Ընդհանուր քաղբանտարկյալների հարցով դիմել է, առանձին քաղբանտարկյալների համար էլ է միջնորդություն եղել: Ես չեմ ուզում թվարկել անուններ: Նրանցից շատերն այսօր ազատության մեջ են, և կարիք էլ չկա բարձրաձայնել, կարծում եմ», – ասել է Տեր Վահրամը:
Թերթի թղթակիցը, այնուամենայնիվ, խնդրել է գոնե մի քանի անուն հնչեցնել, սակայն Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը վերապահ է մնացել դրանք թվարկելուց:
«Արդյոք կաթողիկոսի դիմումներին ընթացք է տրվել Սերժ Սարգսյանի կողմից» հարցին՝ տեր Վահրամը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ Վեհափառի միջնորդությունները չեն անտեսվում:
Թերթի թղթակցի դիտարկմանը, թե արդյոք տեր Վահրամի խոսքերից կարելի է եզրահանգել, որ քաղբանտարկյալներն այսօր ազատության մեջ են նաև կաթողիկոսի շնորհիվ, եկեղեցականը նշել է, որ չի ցանկանում նման եզրահանգումներ անել:
«Ժամանակը բոլոր անհրաժեշտ վկայությունները կապահովի: Ես չեմ ուզում այդ մասին խոսել», – եզրափակել է քահանան: