Home / Հայաստան / Քաղաքական գործիչները միացել են «Ժողովուրդ»-ի համար երթին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈ)

Քաղաքական գործիչները միացել են «Ժողովուրդ»-ի համար երթին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈ)

Այսօր Աբովյան փողոցից մեկնարկել է բողոքի քայլերթ՝ ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության դատարանից թերթի խմբագրությունը նամակ էր ստացել, ըստ որի Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Խաչիկ Խաչատրյանը դատի է տվել «Ժողովուրդ»-ին և լրագրող Սոնա Գրիգորյանին ու պահանջել 3 միլիոն դրամ:

Լրագրողների հետ զրույցում օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը պատմել է, որ իրենք ընդամենը տեղեկություն են հրապարակել, որ Խաչիկ Խաչատրյանը ժամկետանց հավկիթ է իրացնում շուկայում, ինչից Խաչատրյանը վիրավորվել է՝ համարելով, որ թերթն արատավորել է իր բարի համբավը:

«Նա միջնորդություն է ներկայացրել, որպեսզի կալանք դրվի օրաթերթի ու լրագրողի գույքի վրա, ու դատավոր Ռուբեն Ափինյանը միանգամից բավարարել է այդ միջնորդությունը: Այսօրվա մեր ակցիայի նպատակն այն է, որ մենք քայլերթով այստեղից գնում ենք դատարան՝ պահանջելու, որպեսզի մեր գույքի ու իմ գույքի վրայից հանվի կալանքը»,- ասել է Սոնա Գրիգորյանը:

Լրագրողի խոսքով՝ իրենց գործով դատական նիստը նշանակված է մարտի 22-ին: «Ժողովուրդ» թերթը, իր հերթին, միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իրենց գույքի վրայից կալանքը հանվի, սակայն առայժմ պատասխան չի ստացել:

Թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն էլ ասել է, որ գույքի՝ կալանքի տակ դրված լինելը խոչընդոտում է իրենց լրագրողական գործունեությունը:

«Այսինքն՝ ես չեմ կարող համակարգիչներն ազատորեն տնօրինել, իսկ ամենավատ տարբերակը, որ կարող է լինել՝ ցանկացած պահի կարող են ԴԱՀԿ հսկիչները ներս մտնել, վերցնել մեր գույքը, որևէ ապահով վայրում դնել և հետագայում կարողանան վաճառել այդ գույքը  և վճարել Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության գինը»,- ասել է Թագուհի Թովմասյանը:

Նշենք, որ բողոքի քայլերթին մասնակցում էին ոչ միայն լրագրողներ, այլև հասարակական, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ:

Քայլերթը դեռ չմեկնարկած՝ այնտեղ էին ժամանել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ՀԱԿ անդամներ Գուրգեն Եղիազարյանը, Սասուն Միքայելյանը, Պետրոս Մակեյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանն ու Արթուր Սաքունցը, ինչպես նաև ՀԱԿ անդամ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Epress.am-ի հետ զրույցում խոսելով թերթի դեմ ոտնձգության մասին՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասել է, որ նման կերպ փորձ է արվում, օգտագործելով ապաքրեականացված հոդվածը, լռեցնել ազատ մամուլը:

«Փորձում են կրկին անգամ այդ հոդվածը օգտագործել որպես մահակ՝ լրատվամիջոցների դեմ, փորձում են ցույց տալ, որ իրենք ինչպես ապրել են, այնպես էլ շարունակում են և շարունակելու են ապրել, որ իրենց աշխարհում ոչինչ չի փոխվել, և մենք ստիպված պետք է ապրենք իրենց աշխարհում»,- ասել է Վարդան Հարությունայնը:

Դեպի դատարան երթի ժամանակ մասնակիցները վանկարկում էին «ազատություն», «արդարություն» և նշում, որ մամուլը, միևնույնն է, վերջում հաղթում է: Հասնելով ՀՀ կառավարության շենքին՝ երթի մասնակիցները մի պահ կանգ են առել ու, դիմելով ՀՀ վարչապետին, հայտարարել, որ իրենց գործարարներին հետ պահեն մամուլի դեմ դուրս գալուց:

Կառավարության մոտ ելույթ է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, իսկ դատարանի մոտ՝ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Ելույթներից հետո օրաթերթի փաստաբանը միջնորդությունը ներկայացրել է  դատարանին: