Այսօր Երևանում՝ Բաղրամյան պողոտայում գտնվող ԵԱՀԿ պատվիրակության նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով 2013 թվականի նախագահական ընտրություններին առաքելությամբ եկած միջազգային դիտորդներին հեռանալ Հայաստանից:
Քաղաքացիները շենքի դիմաց տեղադրել են «Սա մեր երկիրն է, մի սատարեք կեղծարարներին, հեռացե՛ք» գրությամբ պաստառ:
«Ընտրությունները մեկ քայլ առաջ որակելով՝ միջազգային դիտորդները լեգիտիմացնում են վարչախմբին՝ հնարավորություն տալով նրանց ուժ կիառել ժողովրդի հանդեպ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի նախաձեռնողներից Անի Կաղինյանը:
Նա հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Անդիաս Ղուկասյանը արդեն 10 օր հացադուլ է անում, սակայն ոչ մի միջազգային դիտորդ դրան ուշադրություն չի դարձել և ոչ մի անգամ չի այցելել Ղուկասյանին: Սա, ըստ Կաղինյանի, ևս մեկ ապացույց է, որ դիտորդները կաշառված են:
Ակցիայի մասնակից Վահագն Մինասյանը հիշեցրել է 2008 թվականի նախագահական ընտրությունները՝ կարծիք հայտնելով, որ մարտի 1-ի պատասխանատվությունը որոշ չափով նաև դիտորդներն են կրում:
Ակցիայի ընթացքում ԵԱՀԿ-ի շենքից մի աշխատակից է դուրս եկել՝ նկարահանելու հավաքվածներին: Epress.am-ի թղթակիցը խնդրել է նրան միջազգային կառույցի կարիծքը հայտնել դիտորդների անաչառությունը կասկածի տակ դնող ՀՀ քաղաքացիների նախաձեռնության մասին: Սակայն երիտասարդը այդ պահին դադարել է նկարահանել և, «no comment» ասելով, վերադարձել է շենք:
Ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենք քայլերի հերթակայություն ունեն և միջազգային կազմակերպության անտարբերությունն իրենց պահանջի հանդեպ պատճառ չի դառնա, որպեսզի նրանց գործողությունները դադարեցվեն:
Հիշեցնենք, որ նույն մարդիկ օրերս ընտրակեղծիքների դեմ ակցիա էին անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Նրանք նշել են, որ իրենց երրորդ ակցիան ավելի մեծ մասշտաբ կունենա: