Պարույր Հայրիկյանի դեմ երեկ կատարված մահափորձը ահաբեկչություն է, և գործող իշխանության համար մի փրկություն կարող է լինել հանցագործներին շուտափույթ հայտնաբերելը և երկրում ահաբեկության մթնոլորտը վերացնելը:Այսպես է կատարվածը որակում և մեկնաբանում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
«Այս պայմաններում մեզ համար անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների` մեկը մյուսին հետևող հայտարարությունները առ այն, որ մահափորձը ձեռնտու էր իշխանության հակառակորդներին: Այս մարդիկ, ովքեր հունվարի 31-ից ստանձնել են Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակի պահակի գործառույթը, իրենց հաշիվ չեն ուզում տալ, որ պարտավոր են կարգուկանոն հաստատել երկրում: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ: Մեծ հաշվով, տեղի է ունեցել ահաբեկություն: Երկրում ահաբեկության մթնոլորտի հեղինակները դուք եք: Մենք սրանում համոզվում ենք քարոզարշավի ողջ ընթացքում: Մոբիլիզացրել եք վարչական ռեսուրսը, կենտրոնացրել եք լրատվամիջոցները, տարածում եք սոցիոլոգիական ապատեղեկատվություն, օրենքը խախտելով կատարում եք հակաքարոզչություն: Ինչ է՞, վախենում եք, որ երկրորդ փուլ էլ չեք անցնի»,- ասված է Բագրատյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ: