Այսօր ՀՀ գլխավորր դատախազության մոտ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների համար անցկացվող ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը անդրադարձել են նաև երեկ գիշերը՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկաներին տեղեկացրել է, որ եղել է հիվանդանոցում և իր զորակցությունը հայտնել Հայրիկյանին:
«Նրան վիրահատել էին և նա դեռ քնած էր, բժիշկներն ասացին, որ շատ հաջող է անցել վիրահատությունը և որևէ խնդիր իր կյանքի և առողջության համար, կարծես թե, չպիտի առաջանա: Իհարկե, մեզնից այնտեղ հավաքված լրագրողները պահանջում էին քաղաքական գնահատականներ տալ, բայց մենք ի վերջո լուրջ քաղաքական ուժ ենք և չենք ցատկում տարբեր շուտափույթ վարկածների, չենք փորձում ինչ-որ եզրակացություններով, ենթադրություններով հանդես գալ: Մի բան մեզ համար պարզ է՝ կատարվել է հանցագործություն, որը դատապարտելի է, և իշխանությունները ոչ միայն տապալվել են քաղաքացու կյանքի ապահովման գործում, այլև նաև տապալվել են բնականոն նախագահական ընտրությունների պայմանները ապահովելու գործում»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա հիշեցրել է, որ ի վերջո իշխանություններն էին նախապես հայտարարել, որ թեկնածուների համար տրամադրելու էին թիկնապահներ, անվտանգության միջոցներ, և հիմա բոլորը տեսան՝ ինչ եղավ:
Զուրաբյանի խոսքով՝ եթե իշխանություները շատ արագ կերպով չեն բացահայտում հանցագործներին և օրենքով խստագույնս չեն պատժում նրանց, ուրեմն այս իշխանություններն ի վիճակի չեն բնականոն նախագահական ընտրություններ ապահովել:
ՀԱԿ համակարգողն ասել է, որ վարկածների մասին հետո կխոսեն, քանի որ լուրջ դատողություններ անելու համար դեռ բավարար ինֆորմացիա չունեն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ իր ելույթում ասել է, որ իրենք բոլորով դատապարտում են կատարվածը:
«Դա այլանդակություն է, դա շատ նողկալի արարք է՝ ինչ մոտիվաիցիայով էլ արված լինի: Բոլոր դեպքերում դա այն միջավայրի արգասիքն է, որի մեջ մենք գտնվում ենք, և դա այդ գործընթացների տրամաբանական այն շարունակությունն է, որը կատարվում է Հայաստանում ամեն օր»,- ասել է Արամ Մանուկյանը: