Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի և ձեռնտու էր Հայաստանի օկուպանտներին՝ ռուսներին և նրանց կամակատար հայաստանյան ռեժիմին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ի ղեկավար Գեորգի Վանյանը:
Նա մահափորձը կապել է նաև այն բանի հետ, որ օրեր առաջ Հայրիկյանը ներկայացրել է արտաքին քաղաքականության մասով իր ծրագիրը, որում հստակ ասվել է արևմտյան արժեքներին հետևելու, ՆԱՏO-ին անդամակցելու ծրագրի մասին:
«ժողովուրդը հասկանում է, որ իշխանությունը և ընդդիմությունը միևնույն թիմից էին, և ժողովուրդը հասկանում է նաև, որ երկրի անկախությունը կասկածի տակ է, ուստի հնարավոր էր ընտրություններին կամ դրանից հետո իրական՝ անկախության հեղափոխություն լիներ»,- ասել է Վանյանը:
Նրա խոսքով՝ թեկնածու Հայրիկյանի վարկանիշն օր օրի բարձրանում էր, և դա ռեժիմի համար վտանգավոր էր հատկապես հիմա՝ ընտրությունների նախաշեմին և ժողովրդի հուսահատության ֆոնին:
Մահափորձին անդրադառնալով՝ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը տարօրինակ է համարել իշխանության գնահատականների շուտ ու չափազանց հստակ, կողմնորոշված լինելը:
«Փարիսեցության փոխարեն, օրենսդիր իշխանությունը պետք է օրենքներով կյանքի կոչեր ցանկացած մակարդակի թեկնածուների անձեռնամխելիության մեխանիզմները, այլապես այս ուխտը վաղը-մյուս օրը չոքել է մյուս թեկնածուների դռանը, ովքեր չունեն հզոր թիկնազոր ու հաստավիզ թիկնապահներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը: