ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի երեկոյան տեղի ունեցած մահափորձը նոր հարված է Հայաստանի Հանրապետությանը: Երրորդ հանրապետության պատմության մեջ երբևէ այսպիսի մահափորձ չէր եղել նախագահի թեկնածուի նկատմամբ: Բռնությունն այսպիսով՝ մեծացնում է իր ընդգրկումը, ինչը տագնապի նոր ահազանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Այս մասին ասված է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ nikolpashinyan.com կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Ստեղծված իրավիճակի ուղղակի պատասխանատվությունը կրում է Հայաստանում հաստատված ապօրինի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրավապահ և հատուկ ծառայությունների այն համակարգը, որ քաղաքական հետապնդումների և հալածանքների գործիք դառնալով՝ առանց բացահայտման է թողել 2008թ. Մարտի 1-ի ոճրագործներին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի, Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի, ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունները, այլ աղմկոտ սպանություններ և մահափորձեր՝ այսպիսով ազատորեն գործելու հնարավորություն տալով մարդասպաններին», – ասված է հայտարարության մեջ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ներկայացուցիչների դատապարտող հայտարարությունները համոզիչ չեն՝ հանրային անվտանգությունն ապահովելու նրանց մտահոգության առումով:
«Իշխանությունը տվյալ համատեքստում մեկ «հայտարարություն» ունի անելու՝ նախ՝ Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, ապա՝ հանրային և պետական անվտանգությանն առնչվող բոլոր չբացահայտված հանցագործությունների կատարողներին ու կազմակերպիչներին օրենքով սահմանված կարգով բացահայտելը:
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ, Խորհրդային Միության տարիների քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանին մաղթում եմ շուտափութ ապաքինում և քաջառողջություն», – իր հայտարարությունը եզրափակում է Նիկոլ Փաշինյանը: