03:15 Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` 34/305 հոդվածներով (հանցափորձ՝ պետական, քաղաքական կամ հասարական գործչի սպանություն, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով, պատժվում է 12-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ): Այս մասին հիվանդանոցում հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Քննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը:
03:10 Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, Հայրիկյանի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ընթացքում հիվանդանոց են այցելել ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ժամը 02:10-ի սահմաններում Վերակենդանացման բաժանմունքից դուրս է եկել և հիվանդանոցի շենքը լքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարույր Հայրիկյանի հարազատներից մեկը բղավել է Աբրահամյանի հետևից՝ «Է՞ս էր ձեր ապահով Հայաստանը»:
02:00 Ժամը 1:40-ի սահմաններում Վերակենդանացման բաժանմունքից դուրս եկավ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վարուժան Տեր-Տրիբունյանը:
Նա պատմել է, որ իր այցելության պահին Պարույր Հայրիկյանի աչքերը փակ են եղել: Հայրիկյանի զարմիկն ասել է, որ սրտի աշխատանքը նորմալ է, Հայրիկյանը մեկ վնասվածք է ստացել:
Վարուժանի խոսքով՝ օրվա ընթացքում ինքը եղել է Հայրիկյանի հետ և նրանից բաժանվելուց տասնհինգ րոպե անց իրեն զանգահարել են ու հայտնել դեպքի մասին:
Նախագահի թեկնածուի քրոջ որդին ասել է, որ Հայրիկյանի վրա կրակել են Հանրապետություն-Տպագրիչներ խաչմերուկում՝ իր տան մուտքի մոտ: Նրա դուրստրը ուժեղ ձայն է լսել, նայել է պատուհանից և սկսել է բղավել «Հայրիկ, հայրիկ»: Հայրիկյանի կինը իջել է ցած և տեսել է ամուսնուն՝ արյունահոսելիս: Օգնության կանչերին արձագանքել են հարևանները:
Հայրիկյանի զարմիկը նշել է, որ ոչինչ չի կարող ասել հնարավոր վարկածների մասին, սակայն հավաստիացրել է լրագրողներին, որ քարոզարշավի ընթացքում Հայրիկյանը սպառնալիքներ չի ստացել: Նրա խոսքով՝ շտապ օգնության մեքենան արագ չի մոտեցել: Տեր-Տրիբունյանը, սակայն, չի կարողացել նշել, թե ահազանգից քանի րոպե անց են ժամանել բժիշկները:
01:37 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պարույր Հայրիկյանի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ վիճակը բավարար է գնահատում: Աբրահամյանի խոսքով՝ հանցագործությունը նպատակ ուներ ապակայունացնել իճակը Հայաստանում և ինքը խստորեն դատապարտում է տեի ունեցածը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ժողովրդի թշնամիները փորձել են խանգարել քաղաքական գործընթացներին, սակայն պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հանցագործությունը բացահայտվի և վիճակը կայունանա: Ըստ Աբրահամյանի՝ եթե Հայրիկյանը ի վիճակի լինի շարունակել քարոզարշավը, ապա ընտրությունները կկայանան նշված օրը, իսկ եթե դա տեղի չունենա, ապա ընտրույունները կհետաձգվեն երկու շաբաթով, ինչպես նախատեսում է ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը:
Նշենք, որ համաձայն 52-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ ընտրությունները պետք է հետաձգվեն երկշաբաթյա ժամկետով, իսկ անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում՝ պետք է նոր ընտրություն նշանակվի՝ նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:
01.18 Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, հիվանդանոցի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում փաստել է, որ Պարույր Հայրիկյանը մեկ հրազենային վնասվաք ունի կրծքավանդակի շրջանում: Թոքը վնասված չէ: Գնդակը գտնվում է կրծքավանդակում: Ըստ բժշկի՝ այս պահին վիրահատություն չի նախատեսվում, գնդակին ձեռք տալ չի կարելի: Բժշկի հավաստմամբ՝ այս պահին վիճակի վատթարացում չի ակնկալվում: Կրծքավանդակի շրջանում արյունազեղում կա: Բացի մեկ վնասվածքից, որը հաստատ է, հնարավոր է ևս մեկը, ինչի մասին բժիշկն առայժմ չի կարող ասել:
Հիվանդանոցի ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայրիկյանը գիտակցության մեջ է, խոսում է: Հիվանդանոց են այցելել ՀՀ ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը: Րոպեներ առաջ հիվանդանոց ժամանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
01.o8 Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ևս մեկ գրառում է արել.
ՙՀայրիկյանի վրա կատարած մահափորձի բացահայտումը պահանջում է դեռևս հին հռոմեացիներին հուզող հարցի պատասխան` ԻՍԿ ՈՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ:
Ինչ նպատակն եր էին հետապնդում հանցագործները, դժվար չէ կռահել`
ա. իրավիճակի ապակայանացման փորձ
բ. ընտրությունների ստվերման փորձ
գ. միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ
դ. նոր ընտրությունների նշանակում /թեկնածուի, Աստված հեռու պահի, մահվան դեպքում ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3/՚
00:53 «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Պարույր Հայրիկյանն ունի մեկ հրազենային վնասվածք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: ԱԻՄ նախագահը գիտակցությունը չի կորցրել ու այս պահին նրան հետազոտում են:
Այս պահին հիվանդանոցում են գտնվում Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը
00:35 Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու մասին լուրը հաստատվել է, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Նենգ և ստոր արարք: Հուսամ, հանցագործն արագ կբացահայտվի և կձերբակալվի: Ոմանց հանգիստ չի տալիս ՀՀ Նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը: Այս կրակոցները ուղղված էին իրականում բոլորիս դեմ, Հայաստանի դեմ: Առողջություն մաղթենք Պարույր Հայրիկյանին և աղոթենք իր համար», – գրում է Արմեն Աշոտյանը:
00:30 Կեսգիշերին մոտ մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը՝ նշելով, որ այս մասին լուրն իրենց հետ զրույցում հաստատել են ոստիկանության hasaրակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում, Հայրիկյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Հայրիկյանի ազգականներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ կրակել են երկու անգամ եւ վիրավորել նրան ուսերի շրջանում։
Ոստիկանությունը այլ մանրամասներ առայժմ չի հաղորդում։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացվում։
Լուսանկարը՝ «Հաիրիկեանը նախագահ» ֆեյսբուքյան էջից