Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում, որտեղ երեկ երեկոյան 23:20-ի սահմաններում մահափորձ է իրականացվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ գործի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):
Նշենք, որ Պարույր Հայրիկյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրան վիրահատել են այսօր առավոտյան: