ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն «www.youtube.com» ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ հաղորդագրության մեջ ասված է, որ քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում` Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա «Ռիչ» սրճարանում կայացած նրանց հանդիպման ընթացքում:
Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Զուրաբյանն ու Օսկանյանը, «Ռիչ» սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ: Օրենքով սահմանված կարգով հարցումներ են կատարվել «www.youtube.com» ինտերնետային կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը: Նշանակվել է դատաձայնագրառման փորձաքննություն, զննվել են բազմաթիվ վեբ կայքեր և կատարվել են այլ քննչական գործողություններ:
ՀՔԾ-ն նշում է, որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքներով առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին»:
Նախաքննությունը շարունակվում է: