Home / Հայաստան / Շրջափակման վերացումը մեծ գործ է Հայաստանի համար. Սերժ Սարգսյանը՝ «Կոմերսանտին»

Շրջափակման վերացումը մեծ գործ է Հայաստանի համար. Սերժ Սարգսյանը՝ «Կոմերսանտին»

Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք պետք է որոշեն՝ ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում: Դա ինքնորոշման պայքարի դասական օրինակ է, և չկա որևէ փաստարկ, որի միջոցով կարելի է բացատրել, թե ինչու Արցախի ժողովրդին պետք է մերժեն այդ իրավունքը: Այս մասին ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի և «Օգոնյոկ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Շատ կարևոր է ամրապնդել մեր տարածաշրջանում սպառազինման վերահսկողության միջազգային մեխանիզմները: Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, փաստորեն, սպառազինման մրցավազք է սկսել և բացեիբաց խախտում է պարտավորությունները, որոնք ստանձնել է Եվրոպայում սպառազինման պահմանագրի համաձայն: Մենք շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ, բայց նման պայմաններում դժվար է որևէ առաջընթաց ակնկալել: Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են ղարաբաղյան հակամարտության խնդրով Մոսկվայում, Փարիզում և Վաշինգթոնում, գիտեն՝ ում մեղքով մինչ այժմ լուծում չկա: Նրանք շատ լավ հիշում են՝ ով է ձախողել Քի-Վետսի և Կազանի բանակցությունները: Եվ նրանք շատ լավ գիտեն, որ խնդրի էությունը ԼՂՀ Պաշտպանության բանակի՝ հարակից տարածքների նկատմամբ վերահսկողությունը չէ, համապատասխանաբար, լուծումը կախված չէ դրանց վերադարձից», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի շրջափակման խնդրին՝ խոսելով Աբխազիայի ճանապարհի հնարավոր բացման մասին: ՀՀ նախագահի խոսքով՝ շրջափակման վերացումը «մեծ գործ կլինի» Հայաստանի համար:

«Բեռնափոխադրումների անհնարինության կամ բարձր արժեքի պատճառով հայաստանյան արտադրանքի որոշ ապրանքներ ուղղակի անմրցունակ են: Իհարկե, այս դեպքում հարկավոր է բոլոր 4 կողմերի համաձայնությունը, սակայն վերջերս մեզ մոտ էր եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, և նա ինձ վստահեցրել է, որ Վրաստանին այդ շարժը նույնպես ձեռնտու է», – ասել է Սերժ Սարգսյանը: