Հայաստանում այսօր իրավիճակն այնպիսին է, ինչպիսին լինում է քաղաքակիրթ երկրներում ընտրություններից առաջ: Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի և «Օգոնյոկ» պարբերականի հետ զրույցում այսպես է ընտրությունների շեմին գտնվող Հայաստանը բնութագրել ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Մարդիկ ուշադիր հետևում են պայքարի ընթացքին, որին մասնակցում են արժանի քաքաղական գործիչներ: Նրանցից ոչ մեկին ես թշնամի չեմ համարում: Ընդդիմախոս՝ այո, բայց ոչ թշնամի: Ես ինքս օգտվում եմ օրենքով սահմանված բոլոր հնարավորություններից արդյունավետ նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար: Բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորություններ են ստեղծված, ոչ մեկ նրանց համար արգելքներ չի ստեղծում: Երկրում արդեն իսկ աշխատում են միջազգային դիտորդների մի քանի խմբեր: Նրանց համար էլ ստեղծված են բոլոր հնարավորություններն ընտրությունների ընթացքը օբյեկտիվ գնահատելու համար: Մամուլը բաց է բոլոր տեսակետների համար, թեկնածուների գրանցումը նույնպես բաց է եղել», – հայտարարել է Սարգսյանը:
Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում «քաղաքական մրցակցությունն ընտրություններից առաջ մի տեսակ տիկնիկային է դարձել»:
«Չեմ մեկնաբանի տարբեր քաղաքական հայտարարություններ, որոնք հնչել են այս օրերին, քանի որ դրանք արվում են սեփական շահերից ելնելով», – ասել է ՀՀ նախագահը: