«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի ընտրությունները նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատճառով հետաձգելու հիմքեր չկան։
Նրա խոսքով՝ նման ակտիվ, ինտենսիվ, բուռն քարոզարշավ ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլև նախագահի որևէ թեկնածու չի վարել:
«Պարույր Հայրիկյանը լիուլի օգտագործել է անվճար եթերի, հասարակական համախմբված ուշադրության հնարավորությունները, սա Պարույրը փայլուն է անում: Այս առումով՝ բոլորն էլ օգտվել են, երևացել են, հաճախել են, Պարույրի ֆոնին նկարվել են, հարցազրույցներ են տվել, դատողություններ են արել, այսինքն՝ քարոզարշավը որևէ ձևով չի ընդհատվել, այսինքն՝ հիմքեր՝ որպես այդպիսին, ընտրությունները հետաձգելու՝ ես չեմ տեսնում»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է Բլեյանը:
Բլեյանը համոզմունք է հայտնել, որ Հայրիկյանի հետ կատարվածը սպանության փորձ չէ, քանի որ հանցափորձը նշանակում է, որ սպանողից անկախ պատճառներով ավարտին չի հասցվել:
«Սա նշանակում է, որ չկա նաև պատվիրատու՝ ոչ դրսում, ոչ ներսում: Ամեն դեպքում, ես ասում եմ, որ չկա պետական, հասարակական, քաղաքական գործչի սպանության փորձ նրա գործունեությունը դադարեցնելու ուղղակի դիտավորությամբ: Ահա թե ինչու, վստահ եմ, որ այս քարոզարշավն ու ՀՀ նախագահի ընտրություններն իրենց սահմանված ժամկետներում կկատարվեն: Անկախ նրանից՝ Պարույրը կդիմի Սահմանադրական դատարան, թե ոչ», – ասել է Բլեյանը: