ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը վաղը ժամը 17:00-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առաջ 24-ժամյա հացադուլի կնստի: Այս մասին թեկնածուն հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին, երբ հացադուլն ավարտվի, նա կհանի իր թեկնածությունը: Հարությունյանը ցանկանում է, որ մյուս թեկնածուները ևս դուրս գան ընտրական պայքարից:
«Ով մնաց քվեաթերթիկում, [փետրվարի] 19-ին (նախագահական ընտրությունների հաջորդ օրը – խմբ.) ասելու բան չի ունենալու, 19-ին թեկնածուների մի մասը սկսելու է կակազել: 18-ից հետո այդ մարդիկ քաղաքական դաշտում չեն լինելու, ես եմ լինելու ու շատ մարդիկ»,- ասել է Հարությունյանը:
Թեկնածուն իր առջև դրված նպատակն իրականացված է համարում, քանի որ քարոզարշավի ընթացքում իր «ասելիքը» տեղ է հասել: Իսկ եթե ցանկություն ունենար նախագահ ընտրվել, ապա ծրագիր կներկացներ: