ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահ է, որ նոր հարկի պատճառով ոչ մի ստոմատոլոգ չի լքի Հայաստանը: Այս մասին նա ասել է այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ վերջին շրջանում բողոքի ակցիաներ անցկացնող ստոմատոլոգները ասում են, թե իրենց բազմաթիվ գործընկերներ լքում են երկիրը՝ տեղափոխվելով հիմնականում Ռուսաստան: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ նրանք, ովքեր այդ ոլորտում բիզնեսով են զբաղվում, չեն պատրաստվում լքել Հայաստանը, քանի որ լուրջ եկամուտներ ունեն:
Վարչապետի խոսքով՝ նոր հարկի կիրառման դեպքում գների էական բարձրացում չի լինի:
Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել՝ ինչո՞ւ պետք է գները երկու անգամ բարձրանան, եթե հարկը բարձրացել է ընդամենը ամսական 80 հազար դրամով (յուրաքանչյուր բոռ-մեքենայի համար):
«Մի՞թե դա տրամաբանական եք համարում», – ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ ոլորտում հարկային բեռը շատ ավելի փոքր է, քան այլ ոլորտներում: Նա նշել է, որ տաքսիստները, մասնավորապես, բողոքում են, թե իրենց հարկերն ավելի մեծ են, քան ստոմատոլոգներինը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ստոմատոլոգները նոր հարկի դեմ ակցիաներ և հավաքներ են անցկացնում՝ իրենց փաստարկները բերելով: