Այսօր ԱԺ-ում քննարկվել է 2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագիրը:
Ինչպես հաղորդում է mardik.am-ը, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն ԱԱԾ պետի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանից հետաքրքրվել է, թե արդյոք այս համաձայնագրի ընդունմամբ հնարավոր է պարզել, թե, օրինակ, ով «դանոս գրեց» Ակսել Բակունցի կամ Եղիշե Չարենցի վրա, և նրանց գնդակահարեցին:
Ի պատասխան՝ Ռոմիկ Հարությունյանը նշել է, որ նման տեղեկատվությունը հույժ գաղտնի է, խոսքն այլ բանի մասին է՝ սոցիալիստական ժամանակաշրջանում կրիչների, փոստային արկղերի և այլ սարքավորումների գաղտնազերծման, և ըստ համաձայնագրի՝ Հայաստանին վերաբերող տեղեկատվության գաղտնիության աստիճանն իջեցնելու դեպքում պետք է տեղյակ պահվի հայկական կողմին, ստանա նրա համաձայնությունը և միայն այդ դեպքում իրականացվի գաղտնազերծումը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք այս համաձայնագրի ընդունումը չի խանգարի ՀՀ-ին ընդունելու «Գաղտնազերծման մասին» օրենք, եթե վերջինս նման ցանկություն ունենա:
ԱԱԾ պետի տեղակալը նշել է, որ «Լյուստրացիայի մասին» օրենքի մասին համաձայնագրում խոսք չկա: Այդ օրենքի ընդունմանն, ըստ նրա, չի կարող խանգարել այս համաձայնագիրը, քանի որ «Գաղտնազերծման մասին» օրենքը վերաբերելու է միայն Հայաստանի քաղաքացիների գաղտնազերծմանը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, որ հայկական կողմը պետք է ունենա սուվերեն իրավունք՝ ՀՀ տարածքում բացահայտելու ՀՀ քաղաքացիներին առնչվող փաստաթղթերը:
«Սա գաղտնի կազմակերպությունների համաձայնագիր չէ, այլ միջպետական, և կառավարությունն է պատասխանատու այս համաձայնագրի համար»,- ընդգծեց Հարությունյանը:
Հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանը վստահեցրել է, որ համաձայնագիրը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: