Home / Հայաստան / Դպրոցի տնօրենը մեղավոր չէ նախագահի թեկնածուի անակնկալ այցի համար, կարծում է Աշոտյանը

Դպրոցի տնօրենը մեղավոր չէ նախագահի թեկնածուի անակնկալ այցի համար, կարծում է Աշոտյանը

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում հատուկ շնորհակալություն է հայտնել այն լրատվամիջոցներին, որոնք տրամադրում են տեսանյութեր, որտեղ փաստավորվում է կրթական հաստատությունների ներգրավումը քաղաքական ու նախընտրական գործընթացներում, քանի որ, նախարարի խոսքով, Կառավարությունը շատ օպերատիվ արձագանքում է փաստավորված և ապացուցվող ահազանգերին:

«Մնացյալ ամեն ինչ դիտարկվում է որպես ասեկոսե և բամաբասանք, փաստավորված նյութերը դիտվում են որպես լուրջ ահազանգ, և պարտավորություն ենք ստանձնել օպերատիվ արձագանքել: Ուզում եմ նաև ձեզ խնդրել համարժեք արձագանք տալ նման  դեպքերին՝ բոլոր թեկնածուների կողմից: Դեպքեր էին արձանագրվել ոչ միայն գործող նախագահի քարոզարշավի ընթացքում պետական հաստատությունների քաղաքական գործունեության հետ կապված, այլև այլ թեկնածուների կողմից: Կարծես թե, մամուլի մի հատված սիրով ահազանգում է, արձագանքում է գործող  նախագահի քարոզարշավի ժամանակ որոշակի դիտարկվող խնդիրներին: Ես խնդրում եմ լիարժեք ու համարժեք արձագանքել բոլոր թեկնածուների կողմից քարոզարշավի ընթացքում արձանագրվող խնդիրներին: Ես, օրինակ, կադրեր եմ տեսել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց դպրոցական ինչ-որ միջոցառման: Դուք չեք ահազանգել: Ես չեմ կարծում, որ դպրոցի տնօրենը մեղավոր, է որ նման անակնկալ հյուր է եկել: Էդ նույն տրամաբանությամբ պետք է պատժեի ԵՊՀ-ի, մանկավարժական համալսարանի ռեկտորին, որոնք պատահաբար ընդունել են նախագահի թեկնածուին, որ իրենց գրքեր էր նվիրել, որովհետև շատ մտահոգված էր իրենց գրադարանային ֆոնդի համալրման անհրաժեշտությամբ: Եվ դա պատահականորեն համընկավ քարոզարշավի հետ, և բազմաթիվ լրատվամիջոցներ նույնպես պատահականորեն ֆիքսեցին այդ պատկերը»,- ասել է ԿԳ նախարարը և խնդրել բոլոր թեկնածուներին, որոնք մտահոգված են գրադարանային ֆոնդի համալրման խնդիրներով, այդ խնդիրներով մտահոգվածությունը պահեն նաև հետընտրական ժամանակահատվածում:

Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի կայքում տեղադրված են Երևանի և մարզերի դահլիճների ցանկերը, որոնք պետությունն անվճար տրամադրում է թեկնածուներին՝ քարոզարշավ իրականացնելու համար:

Ինչ վերաբերում է կրթական հաստատությունների ներկայացուցիչների՝ քարոզարշավներին մասնակցելուն, ապա Արմեն Աշոտյանը, դիմելով լրագրողներին, ասել է, որ նրանք ևս «մեր նման քաղքացիներ են, և որևէ օրենք չի սահմանափակում նրանց քաղաքիական ազատություններն ու իրավունքները»:

«Չփորձեք ոչ դուք,  ոչ էլ որոշ քաղաքական ուժեր վեր դասել ձեզ Սահմանադրությունից և օրենքներից, փորձել սահմանափակել այդ մարդկանց քաղաքական ազատությունները, այն դեպքում, եթե այդ քաղաքական ուժերի ջատագով չեն: Նրանք իրավունք ունեն ունենալու քաղաքական դիրքորոշում, մասնակցելու քարոզարշավին՝՝ դասերից դուրս»,- ասել է նախարարը: