Վեդի քաղաքի բնակիչ, շարքային զինծառայող Հովսեփ Ավդալյանն ինքնասպանության փորձից` ինքնաձիգով իր կրծքավանդակի ձախ մասին կրակելուց հետո ողջ է մնացել:
Կատարվածի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Հովհաննիսյանին: Քննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով պայմանագրային զինծառայող, պաշտոնատար անձ, անցել է իր լիազորությունների սահմանները, կատարել իշխանազանցություն, հայտնում է «Փաստինֆոն»: Հովհաննիսյանը հայհոյել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Ավդալյանին և ծեծի ենթարկել նրան, որից հետո վերջինս, չդիմանալով ստորացուցիչ վերաբերմունքին, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով ինքնասպան լինելու նպատակով կրակել է իր կրծքավանդակի ձախ մասին, որի հետևանքով իր առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի («Զինծառայողին վիրավորանք հասցնելը») և 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 2-րդ մասերի հատկանիշներով: