Երեկ ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Արմավիրի մարզում, որտեղ արտառոց դեպք է տեղի ունեցել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ այս անգամ հանդիպումը եղել է ոչ թե փակ դահլիճում, այլ հենց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում: «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ բանակում ոչ մարտական պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, սկսել է բղավել. «Այս է այն ապահով Հայաստանը, որտեղ զինվորներին սպանում են»:
Նրա ձեռքին եղել է որդու լուսանկարը: ՀՀԿ առաջնորդի ողջ ելույթի ընթացքում զինվորի մայրը գոռգռացել է, պատմել, թե ինչ է պատահել իր որդու հետ, սակայն Սարգսյանը շարունակել է իր ելույթը՝ բարձրախոսի միջոցով խլացնելով տիկնոջ ձայնը: Թերթն ընդգծում է, որ հանդիպման վերջում նախագահի թեկնածուն անգամ չի մոտեցել նրան՝ պարզելու, թե ինչ է ցանկանում:
Հիշեցնենք, որ բանակում զոհված զինվորների մայրերն ակցիա էին կազմակերպել նաև 2012 թվականի ապրիլին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Սերժ Սարգսյանն այդ դեպքում էլ չէր նայել ծնողների կողմը: