Պարույր Հայրիկյանը, հնարավոր է, դիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հետաձգելու միջնորդությամբ: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հայրիկյանի շտաբի անդամ Կարո Յեղնուկյանը՝ հիշեցնելով, որ Հայրիկյանն ասել էր, թե «առայժմ» չի դիմի ՍԴ, և չէր բացառել այդ հավանականությունը:
ՍԴ դիմելու վերջնական որոշում կկայացվի, եթե երեք պատճառներ շարունակեն խոչընդոտ լինել Հայրիկյանի քարոզարշավին: Առաջինը Հայրիկյանի առողջական վիճակի վատացումն է: Յեղնուկյանն ասել է, որ Հայրիկյանի ձեռքի նյարդը չի լավանում, այսօր բժիշկները հետազոտել են հիվանդին և ասել, որ նյարդի բուժումը կարող է տևել ամիսներ: Այժմ, ըստ Յեղնուկյանի, Հայրիկյանը մատերը չի կարողանում շարժել:
«Մյուս երկու պատճառները Հայրիկյանի նշած երկու պահանջների չիրականացումն է մինչ այժմ: Հայրիկյանը դիմել էր այլ ընդդիմադիր թեկնածուներին՝ առաջարկելով միանալ և միասին դիմել ՍԴ, սակայն ոչ ոք քայլ չի արել: Երկրորդ՝ հարձակումից հետո հնչել են բազում վարկածներ, որոնց մի մասն էլ նպատակ ունի վարկաբեկել Հայրիկյանին: Մենք պահանջել ենք, որ դրանք հերքվեն, սակայն հասկանալի է՝ քննությունը շարունկվում է ու որևէ վարկածի հերքում տալ առայժմ չի լինի»,- ասել է Յեղնուկյանը: