Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձը ցնցող, վրդովեցուցիչ ու դատապարտելի իրադարձություն է, որի միակ մխիթարական կողմը մահափորձի ձախողումն ու Պարույրի ապաքինումն է: Այս մասին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լուրջ համարվող որևէ քաղաքագետ, լրագրող կամ քաղաքական գործիչ իրեն թույլ տալ ինչ-որ վարկածներ առաջ քաշել: Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե հազար վարկած էլ նշվի, վերջիվերջո, հանցագործության բացահայտման պարագայում, ճիշտ է դուրս գալու միայն դրանցից մեկը, իսկ մնացյալ 999 վարկածների հեղինակներր հայտնվելու են, մեղմ ասած, ապուշ վիճակում: Մի՞թե այդ մարդկանց համար հասկանալի չէ, որ վարկածների առաջքաշումն ու ուսումնասիրությունը բացառապես հետաքննության գործն ու պատրականությունն է», – ասել է ՀՀ առաջին նախագահը:
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ դատարկաբանության փոխարեն, բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական կազմակերպությունների միակ պահանջը, իսկ իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի հանցագործության շուտափույթ բացահայտումը:
«Եթե այդ բանը տեղի չունենա, ապա անջնջելի բիծ է ընկնելու թե՛ ընտրությունների օրինականության, և թե´ ընդհանրապես պետության վարկի վրա, չխոսած այն մասին, որ դա, կասկածամտության մթնոլորտ ստեղծելով, թունավորելու է հասարակության կյանքը, ինչպես մինչև այժմ շարունակում է թունավորել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործությունների չբացահայտման փաստը» , – ասել է Տեր-Պետրոսյանը: