Ստոմատոլոգները զարմացած ու վրդովված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթից՝ անվանելով կառավարության ղեկավարի հայտարարությունները անպատասխանատու ու ոչ հիմնավորված: Այսօր մի խումբ ստոմատոլոգներ կրկին անգամ հավաքվել են Ամերիկյան համալսարանի շենքում իրենց հետագա քայլերը որոշելու համար:
«Ես մինչ այժմ բոլորին խնդրում ու կոչ էի անում [չհեռանալ], բայց հիմա գտնում եմ, որ ոչ խնդրել է պետք, ոչ էլ կոչ անել, ուղղակի հեռանալը այս երկրից կփրկի ու վերջ: Պարոն վարչապետը երևի չի հաշվարկել, որ պետական բժշկական ինստիտուտի տարեկան վարձը 800 հազար դրամ է ու մինչ երեխայի ավարտելը ծնողը սարսափելի աստղաբաշխական թվեր է ծախսում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի» ուսումնական կլինիկայի ատամնաբույժ Կարինե Պետրոսյանը: Նա նաև անդրադարձել է վարչապետի այն արտահայտությանը, թե տամանաբույժները լավ եկամուտներ ունեն՝ ընդգծելով, որ Հայաստանում կլինիկաները դասակարգվում են երեք հիմնական դասի՝ բիզնես-կլաս, էկոնոմ ու էլիտ, ու, հավանաբար, վարչապետի ներկայացրածը վերջին ճիչ, էլիտ-կաբինետի աշխատողների եկամուտներն էին:
Պետրոսյանը նշել է, որ կոնկրետ իրենց ատամնաբուժարանը չի աշխատելու մինչև մարտի 1-ը:
Նա նշել է, որ մինչ այժմ ինքը հավատացած էր, թե պետությունը հաշվի կառնի իրենց բողոքն ու կընդառաջի, սակայն երեկվանից անբացատրելի հուսահատ վիճակում է հայտնվել:
«Բոլոր բժիշկների պես ես էլ շոկային վիճակում եմ: Աղջիկներս փոքրուց երազել են շարունակել իմ գործը, հիմա մտածում եմ՝ ի՞նչ սխալ արեցի ու ինչպե՞ս անեմ, որ թույլ չտամ նրանց շարունակել: 2 տարի առաջ եղբայրս հիասթափված գնաց Հայաստանից ու հիմա կայացած բժիշկ է Մոսկվայում, ու ամեն առիթով ինձ ասում ՝ «ս՞ա է քո երկիրը, որին այդքան նվիրված ես»: Թող կոպիտ չհնչի, բայց կառավարությունը «չորով» ուզում է այս օրենքը անցկացնել: Երեկվա՝ վարչապետի ելույթից այնքան վիրավորված եմ, որ մտածում եմ՝ ու՞ր եմ մնում, ո՞ւմ համար ու սարսափում եմ, որ հանկարծ պատմությունը նորից չկրկնվի: Սա հայաթափման ծրագիր է ու այս ծրագրով 1915 թվի գենոցիդն են կրկնելու», – ասել է Պետրոսյանը:
Ստոմատոլոգ Մանուկ Գևորգյանն էլ վստահեցրել է, որ վարչապետը խոսել է իր անձնական ստոմատոլոգի հաշվարկներով:
«Մեր ծախսերը հաշվելուց հետո ուղղակի անիմաստ է այստեղ մնալն ու աշխատելը: Անհարմար է, երբ նման դիրք ունեցող պաշտոնյան նման վերաբերմունք է արտահայտում՝ իմանալով, որ այդ օրենքի ընդունման ստորագրելու պահից մի քանի հազար ընտանիքի ուղղորդել է հանրապետությունից դուրս: Ժողովրդի մեծ մասն այսօր պարտքերի տակ է, ու այս երկրում ոչ մի ապագա չկա: Ծիծաղելի են նաև երկրի նախագահի՝ գովազդ հիշեցնող հոլովակները», – եզրափակել է Գևորգյանը:
Հանդիպման ընթացքում ստոմատոլոգները նշել են, որ ցանկանում են որևէ հեռուստաընկերության եթերում հայտնվել, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն մարդկանց ավելի լայն շրջանակներին և պատասխանեն վարչապետին: Նրանք որոշել են դիմել հեռուստաընկերություններին եթեր տրամադրելու խնդրանքով, թեև ստոմատոլոգներից մեկն ասել է, որ հույս չունի, թե իրենց եթեր կթողնեն: