Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողները մայրաքաղաքի Թումանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 32-ամյա Սամվել Դիլոյանին և 31-ամյա Արեն Վերանյանին, որոնք ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էին փաստաբան Սամվել Շարբաթյանին սպանելու կասկածանքով:
Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը կալանավորված են:
Հիշեցնենք, որ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը՝ բռնության հետքերով, հայտնաբերվել էր 2012թ. նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:
Ոստիկանության գործողությունների արդյունքում նոյեմբերի 19-ին բաժին էր ներկայացել 33-ամյա Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաև նշված ատրճանակը:
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Արտակ և Արեն Վերանյանները վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը, հայտնում են Ոստիկանությունից:
Ոստիկանության փոխանցմամբ՝ վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը, խլելով Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը, մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան:
Արտակ Վերանյանը ձերբակալված է: