ՀՅԴ-ն շտապելու տեղ չունի, քանի որ մինչև նախագահական ընտրությունները դեռ ժամանակ կա: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Դաշնակցությունը կողմնորոշելու իր ընտրողներին նախագահական ընտրությունների ժամանակ:
Ռուստամյանի խոսքով՝ դեռ պարզ էլ չէ, թե երբ են կոնկրետ կայանալու ընտրությունները, քանի որ ժամկետները դեռևս կարող են փոխվել, եթե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշում կայացնի դիմել Սահմանադրական դատարանը՝ դրանք 2 շաբաթ հետաձգելու խնդրանքով:
Բանախոսն ասել է, որ լավ կլիներ, եթե քվեաթերթիկում ընդգրկվեր «բոլորին դեմ» տողը: ՀՅԴ-ականի խոսքով՝ դա բոյկոտի համար իրավական հիմք կհանդիսանար, և այդ ժամանակ հնարավոր կլիներ կուսակիցներին կոչ անել այդ տողը նշել:
Անձամբ ինքը՝ Ռուստամյանը, չի քվեարկելու որևէ թեկնածուի օգտին:
Արմեն Ռուստամյանն արդարացված է համարել ՀՅԴ-ի՝ ընտրություններին չմասնակցելու մասին որոշումը՝ հայտարարելով, որ չմասնակցելը պայքարի միջոց է, և դրա իմաստն այն է, որ պետք է վերջ դնել ընտրությունների ներկայիս ձևին, քանի որ Հայաստանում չկան ժողովրդավարական ընտրություններ և երկրի ընտրական համակարգը չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին:
Այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն պատրաստվում է շնորհավորել ՀՀԿ-ի թեկնածուին հաղթանակի դեպքում, Ռուստամյանն ասել է, որ նման բան անել չի կարելի, քանի որ ընտրությունները ինքնին շինծու են, ու խոսել հաղթողի ու պարտվողի մասին անիմաստ է:
Անդրադառնալով առաջադրված 7 թեկնածուներին (բացի Սերժ Սարգսյանից), Ռուստամյանը նշել է, որ եթե նրանք մտել են գործող նախագահի հետ պայքարի մեջ, ուրեմն ընդունում են պայքարի ներկայիս ձևը և պետք է նաև ընդունեն ընտրությունների արդյունքերը:
Նրա կարծիքով՝ այդ թեկնածուները մրցակցային ֆոն են ստեղծում և լուրջ ծառայությույններ են մատուցում իշխանություններին: