Ժողովուրդը չի հավատում այն ասեկոսեներին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խաղում է Սերժ Սարգսյանի խաղը: Այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նա ընդգծել է, որ նման կարծիքներ են հայտնում մարդիկ, ովքեր «կես տոկոսի շեմը չեն կարող հաղթահարել»: Հակոբյանն անուններ չի հնչեցրել, թեև լրագրողն իր հարցում ընդգծել է, որ կարծիքը հնչեցրել է ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով՝ թեկնածուների ծրագրերում շատ դրույթներ նույնն են. նրանք խոսում են ժողովրդավարությունից, մարդու իրավունքների գերակայությունից, սակայն հարցն այն է՝ արդյոք իրենց կենսագրությամբ, անցած ուղով կարող են ապահովել ծրագրի իրականացումը: Հակոբյանի խոսքով՝ այդ առումով Րաֆֆի Հովհաննիսյանը շահեկանորեն տարբերվում է բոլոր թեկնածուներից: