Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ երեկ՝ ժամը 17.00-ից հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը 24 ժամ անց դադարեցրել է հացադուլը: Այսօր՝ ժամը 17:00-ին նա ԿԸՀ է հանձնել իր ինքնաբացարկի դիմումը, այնուհետև զրուցել է լրագրողների հետ:
Արդեն նախկին նախագահի թեկնածուն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մեկօրյա հացադուլի ընթացքում զորակցել են իրեն:
«Իմ պահվածքի համար շատերն են մոտեցել ու շնորհակալություն են հայտնել՝ համակիրներից մինչև քաղաքական գործիչներ՝ Գուրգեն Եղիազարյան, Կարապետ Ռուբինյան, Արշակ Սադոյան, Սպարտակ Սեյրանյան, ինչպես նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ՀԺԿ-ից, ՀԱԿ-ից», – պատմել է Հարությունյանը:
Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ հացադուլի ընթացքում ինքը գրեթե չի նստել՝ պուրակի տոնածառի շուրջը մոտ 40 կմ ճանապարհ է անցել:
«Ինքնազգացողությունս լավ է, հիմա էլ շտապում եմ տուն», – ասել է մեր զրուցակիցը:
Ինքնաբացարկի դիմումով իրեն չմիացած նախագահի մյուս թեկնածուների մասին Հարությունյանը կարծիք է հայտնել՝ ասելով, որ նրանք միացել են Սերժ Սարգսյանին՝ լեգիտիմության ֆոնն ապահովելու համար:
«Ի վերջո ես չհայտնվեցի դեկորատիվ ընտրությունների ցուցակում՝ քվեաթերթիկին, ինչի համար շատ թեթևացած եմ ինձ զգում: Եթե ես չհասցնեի հանել թեկնածությունս, ինձ շատ վատ կզգայի: Ափսոսում եմ Անդիասի (հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյան – խմբ.) համար, որովհետև իր ճանապարհն էսօր ԿԸՀ-ն էր, այդ վերջաբանով ինքը նաև կիմաստավորեր իր հացադուլը», – ասել է նախագահի նախկին թեկնածուն:
Հարությունյանը նաև ընդգծել է, որ այսուհետ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ ու չի զղջում վճարած 8 միլիոն ընտրագրավի համար:
«Փետրվարի 19-ին՝ իմ ծննդյան հաջորդ օրը, առավոտյան դառը սուրճ կխմեմ, իսկ բացի դա, փնտրելու եմ նախագահի մյուս թեկնածուներին, որոնք մնացին քվեաթերթիկի վրա», – եզրափակել է Հարությունյանը: