Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը բացատրել է՝ ինչու են հայկական սերիալները բրազիլականներից լավը

Սերժ Սարգսյանը բացատրել է՝ ինչու են հայկական սերիալները բրազիլականներից լավը

Արաբկիր համայնքում ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական «կիքսն» է գրանցվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Քաղաքացիներից մեկը նրան հարց է տվել, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել՝ եթերն անորակ հեռուստասերիալներից մաքրելու ուղղությամբ:

«5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բրազիլական հեռուստասերիալներ էին, հիմա՝ հայկական: Ի՞նչ եք կարծում՝ ավելի լավ է հայկական սերիալները նայել, թե՞ մեքսիկական ու բրազիլական», – հարցրել է Սերժ Սարգսյանը:

Հարցը դահլիճում աշխուժություն է առաջացրել, և քաղաքացիներից մեկը տեղից պատասխանել է՝ «մեքսիկական ու բրազիլական»:

Թերթը նշում է, որ Սարգսյանը մի պահ կանգ է առել, այնուհետև ասել է, որ հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն:

ՀՀ նախագահը խորհուրդ է տվել ցերեկներն անցնել Երևանի թատրոնների մոտով, որտեղ կարելի է հանդիպել արտասահմանյան մեքենաների: Նա նշել է, որ այդ մեքենաները դերասաններին են պատկանում, և դրանք գնվել են սերիալներում նկարահանվելու արդյունքում:

«Փաստորեն, Սերժ Սարգսյանը փոխանակ ամաչի, որ մշակութային օջախ համարվող թատրոններում հայտնի դերասանները ցածր են վարձատրվում ու ստիպված անորակ սերիալներում նկարահանվում, հակառակը՝ գովազդում է եթերային աղբը»,- գրում է թերթը:

Լուսանկարը՝ serzhsargsyan.am