Բոլոր երկրներում սև գործը կատարողները լինում են տեղացի մարդիկ, այդպես ընդունված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով իր դեմ կատարված մահափորձի մեղադրանքով երկու անձանց ձերբակալությունը:
Հիշեցնենք, որ Հայրիկյանն ավելի վաղ հայտնել էր, իր ինքը նկատել էր կրակողին, վերջինս ուներ եվրոպական արտաքին: Հայրիկյանը նաև կարծիք էր հայտնել, որ իր դեմ մահափորձը պատվիրել են ռուսական հատուկ ծառայությունները:
Հայրիկյանի շտաբի անդամ Կարո Եղնուկյանը Aravot.am-ին հայտնել է, որ «նախաքննության ընթացքում պարոն Հայրիկյանը որոշ մտքեր էր ասել, որ ոճրագործներն իրենց ապահով զգան»:
«Ասում էր՝ հանցագործը եվրոպական դիմագծերով է, որ ոչ եվրոպական դիմագծերով անձինք իրենց ապահով զգան, մանրամասնությունները չեմ կարող ասել: Ինչ դուք գիտեք, մնացածը պատկան մարմինները կասեն: Դեռ ուրիշ բաներ մեջտեղ պետք է դուրս գան»,- ասել է Կարո Եղնուկյանը:
Հայրիկյանը, իր հերթին, նկատել է, որ առայժմ մահափորձի կատարման «գործիքներն» են բացահայտված, պատվիրատուի մասին դեռ խոսք չկա:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: