«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը հույս ունի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ կուսակցություն ստեղծելու առաջարկին մի քանի ուժեր կմիանան և փաստացի դուրս կգան ՀԱԿ-ից՝ չխանգարելով այդ կառույցի առողջացմանը: Այս մասին Գիմիշյանը հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ բանախոսի՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության ժամանակը հատուկ է ընտրված և նպատակ ունի շեղել ուշադրությունը նախագահական ընտրություններից և այլ փաթեթավորում տալ ՀԱԿ-ի քանդմանը. Գիմիշյանի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի բազում անդամները պատրաստվում էին դուրս գալ ՀԱԿ-ից նախագահական ընտրություններից հետո:
Գիմիշյանն ասել է, որ ՀԱԿ-ում բարեբախտաբար չկա հեռացման մեխանիզմ, քանի որ այն կուսակցություն չէ, այլ կուսակցությունների միություն, ուստի եթե նույնիսկ մեկ կառույց դեմ լինի, ՀԱԿ-ը չի կարող լուծարվել:
Epress.am-ը հիշեցրել է, որ ՀԱԿ առաջնորդը հայտարարել է հենց այդ անվանումը կրող կուսակցություն ստեղծելու մասին, իսկ Գիմիշյանը նկատել է, որ իրոք չկան իրավական հիմքեր, որոնք կխանգարեն ՀԱԿ անունը կրող կուսակցություն ստեղծել, քանի որ այժմ գոյություն ունեցող ՀԱԿ-ը գրանցված չի եղել:
«Ես հույս ունեմ, որ ՀԱԿ-ը կշարունակի գոյություն ունենալ, շատերը, որ դուրս էին եկել ՀԱԿ-ի քաղաքականության հետ համաձայն չլինելով, հետ կգան, նոր ուժեր կմիանան, ՀԱԿ-ը կպահպանի իր ԱԺ խմբակցությունը: Այդ պարագայում, չգիտեմ՝ ինչքանով բարոյական կլինի ՀԱԿ անունը օգտագործել նոր կուսակության համար»,- ասել է Գիմիշյանը:
Բանախոսը հավանական է համարել ռոտացիոն սկզբունքով ՀԱԿ-ի քաղխորհդի նիստերի ղեկավարումը, քանի որ դեռ չկա մեկը, ով կարող է լիդերի դերը ստանձնել: