Ազգային անվտանգության ծառայությունը կարող է հիմնավոր ենթադրություն անել, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ: Ինչպես ասված է ԱԱԾ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, այդ ենթադրությունը հնարավոր է եղել անել քրեական գործի քննության շրջանակներում կատարված գործողությունների արդյունքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծության արդյունքում: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտնել էր երկու կասկածյալների՝ Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի ձերբակալության մասին:
ԱԱԾ-ն, մասնավորապես, նշում է, որ ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:
«Բացի դա, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչև կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսաձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների և ցուցմունքների հետ:
Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը շարունակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղեկությունները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված և դեռևս չհերքված հանցանքի կատարման մնացած վարկածները», – ասված է հաղորդագրության մեջ: