2012 թվականի դեկտեմբերի 18-ին ձերբակալված ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժնի քրեական հետախուզության օպեր լիազոր Խաչիկ Բախբուդարյանի մայրը՝ Վարդուհի Բախբուդարյանը, պնդում է, որ իր որդին անմեղ է:
Բախբուդարյանի հետ ձերբակալվել էր մեկ այլ օպեր լիազոր Արտակ Բարսեղյանը: Նրանց մեղադրում են գողության կասկածանքով բերման ենթարկած, նախկինում 7 անգամ դատապարտված Ռուբեն Հովսեփյանին ծեծելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Epress.am-ի հետ զրույցում Բախբուդարյանի մայրը նշել է, որ փետրվարի 18-ին ոստիկանների խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով կերկարացվի՝ քննության շարունակության պատճառաբանությամբ:
«Յոթ անգամ դատապարտված, թմրամոլ հանցագործի տված ընդամենը մեկ կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներին ձերբակալել են: Այդ գողության բացահայտման համար ոստիկաններին պետք է խրախուսանքի արժանացնեին, ցավոք, գործն այլ ընթացք ստացավ:
Ես փաստաբանից տեղեկացա, որ ցուցմունք են տվել մեկ տասնյակից ավելի ոստիկանության աշխատակիցներ, որոնք հերքում են, որ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, ցուցմունք են տվել նաև ձերբակալվելուց հետո», – պատմել է Վարդուհի Բախբուդարյանը:
Նա նշել է, որ Ռուբեն Հովսեփյանի կողմից ձերբակալվածների պահման վայր հրավիրված ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից երեք աշխատակիցներ մատնացույց են արել Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ հարցնելով՝ արդյոք նրանք են ծեծել, սակայն Հովսեփյանը բազմաթիվ անգամ հերքել է երկու ոստիկանների՝ իրեն խոշտանգելու փաստը: Հետագայում նա, այնուամենայնիվ, ասել է, որ մեղավոր են երկու օպերլիազորները:
«Սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ շրջվել է հենց այս երկու ոստիկանների դեմ: Ինչո՞ւ: Ի՞նչ է այդ ողջ օպերացիան կազմակերպվել ու կատարել են ինքնուրույն, կամ գուցե Հովսեփյանին հովանավորում են, կամ դրդում են կեղծ ցուցմուքներ տալ հենց երկու օպերլիազորների դեմ: «Կենտրոն» համայնքի երեք տասնյակից ավելի տուժողներ (նկատի ունի մարդկանց, ովքեր տուժել են Հովսեփյանի գործողություններից) ստորագրահավաք են կազմակերպել, բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, ոստիկանապետին՝ խնդրանքով, որպեսզի կատարվի արդարացի քննություն, իրենց ներգրավեն քննությանը՝ որպես տուժող, և ի վերջո փոխվի կալանավորված օպերլիազորների խափանման միջոցը, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել»,- ասել է մայրը:
Նա նաև տեղեկացրել է, որ համայնքի մի շարք բնակիչներ Facebook սոցիալական ցանցում «Արդարադատություն» անվամբ էջ են բացել, որտեղ իրենց նամակներն են տեղադրում ու կոչ են անում, որպեսզի ոստիկաններին ազատեն:
«Տղաները հարգված են ու սիրված են իրենց աշխատանքում, բազմաթիվ խրախուսանքների են արժանացել, Ոստիկանության ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողներ են, իսկ իմ որդին նաև ձյուդոյի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի փոխնախագահն է, առաջնությունների հաղթող է եղել»,- ասել է Վարդուհի Բախբուդարյանը:
Վերջինս նշել է, որ իրենք ցանկանում են, որ գոնե իրենք ազատության մեջ լինեն ու նոր միայն գործի քննությունը շարունակվեր:
Նշենք, որ Խաչիկ Բախբուդարյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու համար, սակայն միջնորդությունը մերժվել էր: