ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում խոսել է ՀՀ նախագահի որոշ թեկնածուների քարոզարշավի մասին՝ անդրադառնալով նաև ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սերժ Սարգսյանի շաբաթ օրը Շիրակի մարզում արված հայտարարությանը:
Հիշենենք, որ, պատասխանելով Գալա հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե որքան ձայն է ակնկալում հավաքել Շիրակի մարզում, Սերժ Սարգսյանն ասել է. «Շանսը ո՞րն է՝ հարյուրից իննսո՞ւն խփեմ, ութսո՞ւն, յոթանասո՞ւն, վաթսո՞ւն, ինչքան ուզես, էնքան խփենք»:
Աշոտյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի դեպքում փիար արշավը մի քանի անգամ հաջողությամբ փորձարկված մեթոդների օգտագործմամբ է իրականացվում:
«Չափավոր և զուսպ, որոշ նորարարություններով, հանդարտ ու հանգիստ ոճով: Իհարկե, սա քաղաքական տեխնոլոգիայի գիտակցված ընտրություն է մեր կողմից: Լինելով ՀՀ Նախագահի ընտրություներում ակնհայտ ֆավորիտ, Սերժ Սարգսյանը և իր թիմը չունի լրացուցիչ ջանքերի, պրպտումների, նոր քաղաքական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառման կարիք: Հենց այս համատեքստում է դիտարկելի Սերժ Սարգսյանի երեկվա հայտատրարությունը Շիրակում և այն ակնարկը, որ ինքը և իր թիմը, ունենալով վարկանիշի, ակնկալվող ձայների աճի ռեզերվ և, իհարկե, շատ ավելի մեծ կազմակերպական և նորարական պաշար, գիտակցված ընտրել է նախընտրական արշավի նման տարբերակ ու ՉԻ ԿԻՐԱՌՈՒՄ տեխնոլոգիական և ստեղծարարական զինանոցի ՈՂԶ ներուժը», – գրել է Աշոտյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին՝ նա կարծիք է հայտնել, որ, որքան էլ սկզբից այն արհեստական էր թվում, այնուհանդերձ տալիս է իր արդյունքները և արձանագրում է որոշ հաջողություններ:
«Րաֆֆին և իր թիմը աշխատում են ողջ ուժերի գերլարումով», – նշել է Աշոտյանը:
Նախարարի կարծիքով՝ Բագրատյանը, ունենալով ելակետային դիրքային լավ վիճակ, դեռ չի կարողացել իր քարոզարշավային տեխնոլոգիաները հղկել, իսկ նրա փիարը բավական ստանդարտացված է: